Անլռելի զանգակատուն
Պոեմ · 1959 · 6 մաս
Մաս 4 / 6
Ծավալվող Համազանգ
Գլուխ 1 / 8
Ղողանջ հրաշագործման
Թե մինչև հիմա որտեղ որ երգն էր
Այնտեղ էլ նա էր,
Այսուհետ արդեն որտեղ որ նա էր՝
Այնտեղ էր երգը։
Առաջին անգամ լայն դահլիճների
Բեմից էր լսում ինքն իրեն հայը,
Եվ բոլորովին ուրիշ էր հնչում
Իր իսկ «Տույ-տույ»-ը,
«Վայ լե-լե վայ»-ը.
Նո՛ւյն արտն էր հուռթի,
Նո՛ւյն սերմը ցանված,
Բայց… խորն էր հերկը,
Ու բեղուն՝ բերքը։
Հայ ելևէջի վայրի տարերքը,
Հեղեղ մեղեդին,
Տարափ պարերգը
Էլ չէին արդեն հնչում ու կորչում,
Ինչպես հողմերը՝ դաշտերում լեռնոտ,
Ցատկան ջրերը՝ ձորում ու կիրճում —
Անօգո՜ւտ այնպես,
Այնպես ապարդյո՛ւն։
Հայ ելևէջի վայրի տարերքը
Մի կախարդ ձեռքով, որտեղ որ պետք էր,
Դառնում էր անձրև՝ ծլարկած արտում,
Դառնում ջրաղաց,
Էրանի քամի՝
Ցանկացա՛ծ ժամին։
Հայ ելևէջի հոսքը վարարուն
Մի կախարդ ձեռքով մտել էր խոր հուն,
Գտել էր անշեջ ու որոշ հասցե.
Հասնում էր սրտին՝ ում էլ պատկաներ։
Մոտիկ դրացո՞ւ,
Ռուսի՛, վրացու՛,
Թե՞ օտարաձայն հեռավորների՝
Լեհի՛,
Ֆրանկի՛,
Ավըստրիացո՛ւ։
Այսպես՝ կալակիտ ցորենն է դառնում
Ընտիր սերմացու,
Ապառած քարը՝ սեղան խորանի
Ու պատի վրա ջուր խմող այծյամ։
Այսպես՝ դաշտերի ծաղկունքը ցանցիր
Պսակ են դառնում հարսների ձեռքով
Հարսների լանջին։
Այսպես՝ եղյամն է ապակիներին
Լուսամուտների շրջանակի մեջ
Հանճարեղագույն բնանըկարի կերպարանք առնում։
Եվ հույսը — այսպե՛ս — հավատ է դառնում…
Նա մելամաղձոտ հայ եղանակին
Հայկական ուրախ հորդան էր կցում,
Եվ կարծես արփին ծագում էր հանկարծ
Ցրում մուժ ու մեգ։
Նա վիրաբույժի հմուտ ձեռքերով
Ինչ-որ կույր աղիք կտրում էր գցում,
Եվ մարմինն ասես ծնվում էր նորից,
Դառնում մորեմեկ։
Նա… ի՞նչ էր անում։
Լոկ այն էր անում,
Ինչ որ անում է ավազն ամանին՝
Մաքրում է ժանգից.
Ինչ որ անում է ջուրը մանչուկին՝
Դունչիկն է սրբում.
Ինչ-որ անում է մայրը մանուկին՝
Ինն ամիս կրում իր կողերի մեջ
Ու գերմարդկային-մայրական ցավով
Ավելացնում է թիվը աստղերի՛, —
Մի սովորակա՜ն… անսովո՜ր հրաշք։
Գլուխ 2 / 8
Ղողանջ հաղթության
Եվ արտերի փոխանակ
Հորովելը գեղջուկի
Դահլիճներում է հնչում.
-Ձի՜գ տուր, քաշի՜, ա՛յ եզ ջան…
Բաց երկընքի փոխանակ
Շրթունքները պանդուխտի
Բեմերից են մրմընջում.
-Հո՜ւր են ձգե մեջ իմ ջան։
Գյուղակների փոխանակ
Քաղաքներում է ծորում.
-Սուփրեն կալում գցած ա։
Հյուղակների փոխարեն
Սրահներում է բուրում.
-Խնձոր ունեմ, կծած ա։
…Իսկ մեր խնձորն իսկապես
Արնածոր ու վիրավոր՝
Հազա՜ր տեղից էր կրծած.
Առևանգած իրարից՝
Մեր խնձորը դարավոր
Հազա՜ր ձեռքից էր պրծած։
Հազա՛ր եղունգ ու ճիրան,
Հազա՛ր մագիլ էր խրվել
Նրա փխրուն կողերում։
Տիղմաբեր ու թմբատար
Հազա՛ր հեղեղ էր ցրվել
Նրան սնող հողերում։
Ոսոխներից բարբարոս
Շատերն անգամ հավիտյան
Կորել էին աշխարհից,
Չքվել էին՝ թողնելով
Լոկ պաղ մոխիր կամ մատյան
Բևեռագիր ու քարից։
Բայց մնում էր մեզ վրա
Հետքը նրանց ժանիքի՝
Նրանց արնոտ կնիքի։
Խառնըվել էր մեր երգին
Օտարի շունչն անմաքուր,
Օտար երգի ելևէջ.
Աղ էր ցանվել մեր վերքին,
Ավազ լցվել մեր բերքին
Եվ ջուր՝ արդար կաթի մեջ։
Ականջ էր պետք, որ ջոկի,
Ու ձեռք էր պետք, որ պոկի
Օտարամուտ ամեն քող։
Պետք էր կոկորդ ու ոգի,
Որ տաղ դարձած մեր հոգին
Համերգանար ամեն կողմ։
Մարդուն երբ ցավ են տալիս՝
Հետն էլ արցունք է գալիս,
Որ կսկիծը քիչ մարի։
Վերք է տրվում՝ և դե՛ղ կա,
Ելք է ճարվում՝ թե նե՛ղ գա, —
Այսպես է կարգն աշխարհի։
Ու եկար դու՝ վիթխարի՜,
Եվ մեր հայոց աշխարհի
Անտերացած հայելուց
Բիծ ու փոշին, խա՜վ առ խա՜վ,
Բարեխընամ մի ձեռքով
Կարծես հանկարծ սրբեցին. —
Եվ մեզ այնտեղ նայելուց
Աչքերը մեր հարբեցին.
Մե՞նք ենք՝ այսքա՛ն վայելուչ,
Այսպես կոկի՛կ, հարդարվա՛ծ,
Գոհարներո՜վ զարդարվա՛ծ։
Չկշտացա՜նք նայելուց…
Այսպես հանկարծ և անձայն՝
Մեր հեքիաթի համաձայն՝
Միայն փոխվում է այգին,
Երբ որ այգում այդ անջուր
Կախարդիչ երգն է հնչում
Մեր Հազարան զառ հավքի։
Եվ ամենքըս մեր աչքին
Երևացինք աշակերտ,
Իսկ դու՝ երգի դասարան։
Եվ ամենքըս մեր աչքին՝
Թոշնած-խամրած ծաղկաթերթ,
Իսկ դու՝ բլբուլ Հազարան։
Եվ այն օրից, Վարդապե՛տ,
Դու ծայր տվիր հրաշքի՜ն,
Եվ հաղթական մի շքերթ
Ձգվեց հեռո՜ւ և հեռո՜ւ
Էջմիածնի կավակերտ
Ու սրբատաշ պատերից։
Դու՝ սքեմիդ սևերում,
Մինչդեռ քո լույս մատերից
Ծորանք առան շող շիթեր։
Եվ ինչ երկար դարերով
Քո ժողովուրդն էր կիտել
Նմո՜ւշ-նմո՜ւշ, հա՛տ առ հա՛տ,
Դու լիաբուռ-լիառատ
Շա՜ղ տվեցիր աշխարհում,
Որպես մի նոր վաշխառու,
Որ տվածի փոխարեն
Բարձըր շահ է պահանջում՝
Հիացմունքի շող արև՛,
Գոռոզության նահանջո՛ւմ։
Եվ այն, ինչ հայ գյուղացին ձիգ էր տվել դարերով
Ապարանի կամ Լոռվա հերկում, կալում, խոզանում,
Հիմա արդեն, Վարդապե՛տ,
Ծավալվում էր քո՜ շրթից,
Ծավալվում էր… Լոզանում։
Հայ պատանու վիրավոր սրտի մրմունջն էր հևում,
Բայց քո՜ բերնից, Վարդապե՛տ,
Այն էլ հեռու… Ժնևում։
Կոմսուհիներ, բարոններ,
Տիտղոսավոր տեր-տիկին
Քո մատներից լսելով մեր Նազպար-ը, Շուշիկի-ն՝
Նետում էին ակամա գոռոզության ու շիկ-ի
Ամեն դիմակ ու կեղծամ
Եվ, մանկորեն հիացած,
Իրենց մտքում, պատրանքով,
Տեսնում… պարող մի այծյամ։
Հեռվից-հեռու, մոտ ի մոտ
Մեր կարոտն էր սավառնում,
Ու մեր սրտի խոսքը տոթ
Շիկանում էր քո բերնում,
Սակայն ո՛չ թե խաղողի մի ծանրածոց այգու մեջ,
Ո՛չ էլ կտրից հայկական,
Ո՛չ էլ արտից, այլ… Բեռնում։
Մի գիշերում դու ձայնով նվաճեցիր Վիեննան՝
Ստիպելով, որ բոլորն օտար երգով հիանան։
Լոկ ծիրանի մի փողով
Ու շարժումով մատներիդ
Տեր-տնօրեն դու դարձար խորթ ու խոժոռ Ցյուրիխում՝
Ստիպելով, որ զգան, թե ինչպես է մեր գինին
Տաքանալով մեր երգից՝ սարքում զվարթ կերուխում։
Նրբաճաշակ-բարեսուն
Երեսառած Փարիզում
Բեմին բուսնեց ու ճոճվեց տղամարդկանց պարի սյուն,
Սակայն… լոկ քո՛ երգերով,
Քո՛ նվագով — ո՜չ մի խումբ։
Ու խենթացած ծափ տվեց Փարիզն ինչպես ձեռքերով,
Այնպես նաև բաց ու խուփ
Թարթիչներով՝ զարմացա՜ծ…
Ասես մեկեն թարմացած՝
Ներընդունած կազդուրիչ ինչ-որ առողջ շիթ արյան,
Քեզ լսելով, Վարդապե՛տ, ջահելացա՜վ Իտալիան,
Երբ դու հասար Վենետիկ։
Ու մոռացած խստապահ ծես ու կանոն, սնոտիք,
Ու մոռացած հավատի կապ ու կապանք, կաղապար՝
Ամե՛ն մոլի ուղղափառ,
Բողոքակա՛ն, կաթոլի՛կ,
Լուռ զգացին, որ իրենք մարդ են կյանքում ու եղբայր,
Երբ մեկ դարձավ փոթորիկ,
Մեկ էլ ծփաց մեղմաբար
Հայ հոգևոր երգը ծով,
Որ քո՜ շրթից, Վարդապե՛տ,
Ալի՜ք-ալի՜ք, փերթ առ փերթ
Ծավալվում էր,
Թավալվում
Ելնող-ընկնող կոր գծով։
Ու Եվրոպան, որ գիտեր միայն ինչ-որ Արևելք՝
Միաշերտ ու միաշուրթ,
Դժոխքի պես մոտակա,
Դրախտի պես հեռավոր, —
Հիմա արդեն Եվրոպան
Գտավ մի նոր ժողովուրդ
Եվ հասկացավ, որ ունի
Նա մի անցյալ դարավոր,
Երակներում հոսք ու եռք
Բազմադարյան
Տոթ արյան,
Եվ երկիրն այդ նորագյուտ
Նոր անունով մկրտեց՝
Արևելքի Իտալի՛ա…
Գլուխ 3 / 8
Ղողանջ միջակության
Աշուն է նորից։
Սարից ու ձորից
Գալիս է կարծես մայրության բուրմունք
Ու համ պտուղի։
Ողկույզներն իրենց ճարահատ լացով
Խնդրում են դառնալ գինու քաղցր ծոր
Եվ կամ պուտ օղի։
Քամու շնորհիվ ծառերի զառ-վառ
Խաշամն է թռչում թավալ առ թավալ,
Այնպե՛ս, որ հեռվից անծանոթ մեկին
Մի վայրկյան նույնիսկ կարող է թվալ,
Թե փասյանների երամն է ծառից
Պոկվում ու հետո իրարից զատվում։
Կանաչ եղեգնի սրերն անպատյան
Դեղնում են՝
Ասես ժանգով են պատվում։
Լաչառ փշերը՝ արդեն չորացած,
Արդյոք ո՞ւմ վրա, ինչո՞ւ չարացած՝
Զգալ են տալիս անցուդարձողին,
Որ իրենք են տերն այս անփորձ հողի։
Իսկ մեջքակոտրուկ մեղու և պիծակ
Համերգ են տալիս անփող ու ձրի
Բնության հսկա անբեմ տաճարում,
Եվ ամբողջ օրը ինչ-որ մեծերի
Դուր գալ ցանկացող ճպուռներն անվերջ
Քարոզչի նման ճառո՛ւմ են, ճառո՜ւմ։
Իսկ չորամամուռ չեչոտ ժայռերի,
Քարերի վրա
Արև են կորզում մողես գորշավուն
Ու կանաչ խլեզ՝
Յուրաքանչյուրը,
Իբրև աստըծո սուր ծաղրուծանակ,
Մի ցամաքային ու քարաբնակ
Խեղճ կոկորդիլոս։
Ասպետությունից բոլորովին զուրկ
Ամպերն անքանակ
Գրոհ են տալիս բանակ առ բանակ
Մեն ու մենավոր արեգակի դեմ,
Որ կարծես իբրև փոքր ազգի հերոս
Բյուր գաճաճների հոծ ամբոխի մեջ
Կռիվ է մղում ողջ օրը՝ մենակ
Ու երեկոյան… նահատակվում է իբրև մարտիրոս…
Այնպե՜ս դուրեկան,
Այնպե՜ս փայփայիչ
Աշուն էր կրկին, երբ Եվրոպայից
Առոք ու փառոք ետ դարձավ նա տուն՝
Եվրոպան հաղթած։
Բայց թափ չէր տվել դեռ ճամփի փոշին,
Ճակատից ճամփի քրտինքն էր կաթում,
Դեռ չէր իսկ փոխել հագուստ ու կոշիկ,
Երբ ոտքերի տակ ճահիճը ճոճվեց,
Վտառը վխտաց։
Նա, որ գալիս էր Եվրոպան հաղթած,
Հիմա հաղթության արևը սրտում,
Վաստակած բազկով, հոգով տոնական,
Հերոսի նման դառնում է իր տուն,
Եվ հանկա՜րծ
Այնտեղ… ուժը չի պատում
Իր հրով հալել պաղը տնական,
Եվ հանկա՜րծ
Այնտեղ… զգում է իրեն
Իր գալո՜ւց առաջ ջարդված
Ու պարտված…
Ամբաստանության ամեհի քամին
Լցնում է նրա աչքերը փոշով,
Ու բանսարկության մացառն իր փշով
Հոգի բզկըտում, խոցում է մարմին,
Քանզի ոսոխ է փտածը թարմին
Եվ հասարակը՝ ազնվազարմին,
Քանզի չի պրծել ու չի վերջանա
Նրանց դարավոր վիճարկությունը։
Կարկին-քանոնով,
Կարգ ու կանոնով
Արտակարգի դեմ գրոհ էր տալիս
Նույն ինքը… Նորին Միջակությունը։
Միջակությո՜ւնը։
Նա աչքեր ունի՜,
Սակայն… ծոծրակին
Եվ տեսնում է նա,
Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի,
Այլ նրա գցած ստվերը միայն,
Եվ ոչ թե գլուխ
Մի առաջամուխ,
Այլ պոչը, ագին։
Նա ունի՜ ականջ,
Բայց ո՛չ թե նոր կանչ,
Այլ անցած կանչի
Թույլ արձագանքը լսելու համար։
Ունի՜ քաղցրություն,
Բայց հիվանդագին-վաղահաս մրգի,
Որ ցած է ընկնում՝ դեռ չեկած ամառ։
Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ
Սիրահարված է քսմսվող ներկի՛ն…
Միջակությո՜ւնը…
Թե թռչուն է նա՝ ապա թութակ է.
Այն է կրկընում, ինչին վարժել են։
Թե կենդանի է՝ կապիկ է միայն.
Անում է լոկ այն, ինչին մարզել են։
Եթե ուժեղ է՝ ապա ջորո՛ւ պես.
Ուժն իրենը չէ,
Այլ ծնողների զորեղությունն է,
Ա՛յն ծնողների, որ — ավա՜ղ — նրան
Մի՛ բան չեն տվել
Հասարա՜կ մի բան՝
Ծնող դառնալու կարողությունը։
Հուզվել էր ահա
Ու տագնապում էր Միջակությունը։
Արյունապակաս-պաղած խեղճերին
Տենդի ջերմ թվաց այն տաքությունը,
Որ անջատվում է սրտից վառվռուն
Եվ ահագնանում ցրտից շուրջբոլոր։
Ու մարդիկ, որոնց հագինն էր լոկ նոր,
Իսկ հոգին հին էր ու կարկատանված,
Կենարար հովին, զովարար քամուն
Նայեցին իբրև ահեղ թշնամու,
Որ գուցե հանկարծ իր շնչով պոկի
Ու փուլ տա նրանց կարկատուն հոգին։
Եվ մարդիկ, որոնց խոսքերն էին նոր,
Իսկ միտքը՝ մաշված,
Ինչպես դրամը առուծախի մեջ,
Գոռ հրդեհ տեսան
Լուսարար մտքի վառ օջախի մեջ
Ու սրտապատառ աղմուկ գցեցին.
-Հասե՜ք, ջո՛ւր ճարեք,
Օգնեցե՜ք, մարե՜ք…
Ո՛վ Միջակության անխախտ բնություն,
Դու՝ մտքի միայն թվաբանություն
Եվ հանրահաշվի երդըվյալ ոսոխ,
Դու՝ անծայր երկնի լազուրի տեղակ
Գնվող-վաճառվող մատչելի լեղակ,
Բոլո՜ր դարերի դու մե՜ծ հաջողակ,
Անցողիկ փառքի, էժան բախտի գող,
Եվ ամենազոր… քո ա՛յն գաղտնիքով,
Որ քաջ է հայտնի նաև մեծերին,
Բայց որոնք մեծ են այնքանով նաև,
Որ գիտեն թեև,
Բայց այդ գաղտնիքից
Չե՜ն կարողանում երբեք օգտվել…
Ո՛վ Միջակություն,
Ո՛վ երանելի ցմահ խակություն,
Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն,
Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց,
Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից,
Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի
Բոլո՜ր տառերով ի սպաս դրվեց
Սուտ-Հիսուսների անփակ բերանին,
Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ
Վերածվեց հսկա բարդու գերանի։
Է՛լ սրբագործված օրենքի խախտում,
Է՛լ արատավոր մտքեր ու երգեր,
Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում,
Կամ — մեղա՜ աստծո, դրա՛խտը հերքել, —
Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր,
Առագաստավոր ենթադըրությո՜ւն,
Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն
Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով
Նույն սուտ-սրբերի անսուրբ ձեռքերով։
Եվ նույնիսկ նրա օդը շնչելիք
Ապականեցին շուրջբոլոր այնպես,
Որ նա շնչելիս — օդի փոխանակ -
Մանրած ապակու փշրանք էր կարծես
Բռնի կուլ տալիս…
Եվ սիրտը նրա ցավից կուչ եկավ,
Ինչպես գյուղացու սիրտն է կծկըվում,
Երբ ամռան կեսին կարկուտ է գալիս…
Հացըդ, Վարդապե՛տ,
Հացըդ դառնացավ թալկաթփի պես,
Եվ գունաթափվեց
Ու պաղ քրտինքով ճակատդ պատվեց՝
Վանքի ծեփի պես։
Հայացքը նրանց, ում պիտի որ դու
Ըստ հին օրինաց եղբայր կոչեիր,
Կամ աջդ տայիր, կամ աջ պաչեիր,
Հայացքը նրանց դաղում էր հիմա
Եվ այրում էր քեզ՝ եղնջի նման…
Այս անմիաբան Միաբանության պաղ պատերի մեջ,
Չար ու փոքրոգի, խղճուկ ու չնչին այս վատերի մեջ,
Էլ ինչպե՞ս պիտի դու քեզ զգայիր.
Մասյաց վիհն ընկած մի նոր հսկայի՞,
Թե՞ չհասկացված մի հին սրբի պես։
Չէ՜, փոխվել էին ժամանակները.
Պիտի զգայիր… միայն որբի՜ պես…
Գլուխ 4 / 8
Ղողանջ հարցման
Նա որբ էր ծնվել ու սնվել կյանքում,
Եվ ոնց սկսվեց՝ այնպես էլ գնաց.
Անձնական կյանքում նա միշտ որբ մնաց՝
Որբ օթևանող հինավուրց վանքում։
Այդպես էլ մնաց անտուն ու անտեղ.
Լոկ խոնավ մի խուց, թղթեր ու կանթեղ։
Այդպես էլ մնաց մենիկ ու մենակ.
Հոգին՝ աննեցուկ, ինքը՝ անհենակ։
Ամենից առաջ՝ նա հայր էր ծնվել…
Այդպես էլ կյանքում չունեցավ բալիկ,
Որ տան անկյունում օրորոց դրվեր,
Կամարից կախվեր հուռութ-խաղալիք,
Եվ ինքն էլ հակված նանիկ-նայ ասեր,
Իսկ երբ մեծանար՝ տը՛պ-տը՛պ-տը՛պ վազե՜ր
Ու հոր թղթերը խառներ-խզբզեր,
Անվերջ բլբըլար,
Եվ շիվը դալար
Աննկատ լցվեր ու նոր բուն դառնար,
Երջանիկ մի օր տեղ ու տուն դառնար։
Նա ուներ մատնե՛ր.
Տաքուկ ու նրբին, աղերսո՜ղ մատներ՝
Շոյելո՛ւ համար, ցավը մեղմելո՛ւ,
Գրկելո՛ւ համար, կրծքին սեղմելո՛ւ։
Սակայն որտեղի՞ց և ինչպե՞ս գտներ
Մի ժիրիկ մանչուկ,
Հետն էլ՝ թևանցուկ
Գանգուրիկ
Քուրիկ…
Նա ուներ շրթե՛ր.
Այրող կարոտից դողացո՜ղ շրթեր՝
Պաչելո՛ւ համար ու համբուրելո՜ւ,
Եվ… պիտի կյանքում անհագ մի պապակ
Հա՜ նրան դրդեր
Օտար թաթիկից շոյանք մուրալու,
Թմբլիկ թուշիկից հայցելու մի պագ…
Եվ ուներ նա սի՜րտ՝ սիրելո՛ւ համար,
Մի սիրտ՝ գերվելով տիրելու համար,
Մի սիրտ՝ սե՜ր համակ,
Մի սիրտ՝ սիրո ծո՛վ,
Իսկ ինքը սիրուց հավիտյա՛ն ցամաք։
Ինքը՝ սիրուց սո՜վ,
Ինքը՝ մենակյաց ու կուսակըրոն՝
Ինքն իրեն ծյուրող մի սիրո կերոն,
Որ վառվում է հար խորանի խորքում
Անմարդաբնակ — դափդատարկ վանքի
Եվ լուսարարի աչքին ու հոգուն
Իր մուխն է տալիս, լույսը՝ ոչ ոքի…
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։
Դեռ վնաս չունի,
Թե աստվածն անգո չեղյալ Մովսեսին
Գերադասել էր ու նախընտըրել
Միջնորդ իր միջև ու ժողովրդի՝
Միաժամանակ խեղճ ու կրակին ծնելով կակազ։
Ե՜կ ու թարգմանիր քո թլվատ լեզվով
Պատգամներն աստծո, մտքերը խրթին։
Դեռ կարելի էր ավել ու պակաս
Չեղյալի համար անգոյին ներել։
Բայց… Միլտոններին վերցնել ու զրկել տեսողությունի՞ց,
Բեթհովեններին՝ լսողությունի՞ց,
Կոմիտասներին թույլ չտա՞լ սիրել…
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։
Ինչո՞ւ, և դարձյա՛լ, և կրկի՛ն ինչո՞ւ,
Եվ ի՞նչ է ուզում դրանով ասել.
Իր ո՞ւժն է շեշտում, կարողությո՞ւնը։
Եկեք նախապես, առհավե՜տ ու մի՛շտ
Ընդունենք կյանքի զորեղությունը,
Միայն թե երբե՛ք էլ այնպես չանի,
Որ աշխարհ գալիք նոր մի Կոմիտաս
Իր անմեղ սերը սրտում զնդանի՝
Իբրև դատվածի,
Դատապարտվածի՝
Լերդ-լերդ արյունով ծեփելով բանտի դուռն ու պատերը…
…Ո՞վ էր այդ թաքուն-մեղավոր սիրո
Ահավոր դժբախտ-երջանիկ տերը,
Վարդապե՜տ, ասա՛,
Զգա քեզ ազա՜տ.
Քեզ հիմա ո՛չ ոք չի բանադըրի,
Ո՜ղջ մի ժողովուրդ քեզ կունկընդըրի։
Վարդապե՜տ, ասա՛,
Զգա քեզ ազա՜տ.
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր։
Ինքըդ թեժ կրակ՝ մի՞թե, Վարդապե՛տ,
Բովանդակ կյանքում հար սառել ես դու
Կուսակրոնի քո սևերի տակ։
Վա՜խ, դա կլիներ ծանըր մեղանչում
Կյանքի՛ դեմ, գարնա՛ն,
Պտղաքաղությա՛ն։
Թե՞ հաղթահարել և առել ես դու
Քո սիրասարսուռ տաք թևերի տակ
Խումար-Շողեր-իդ կամ Սոնա յար-իդ՝
Իբրև կյանքի դեմ գործած մեղքերիդ
Միակ թողություն։
Ասա՛, Վարդապե՜տ,
Ո՞վ էր քո սերը,
Բախտի պես թաքուն
Քո սիրո տերը։
Չէ՛, նա չէ՛ր կարող չլինել կյանքում,
Նա պիտի՛ լիներ։ Բայց ո՞վ է եղել։
Ինչպե՞ս իմանալ, որտեղի՞ց պեղել։
Ասա՛, Վարդապե՜տ, մի՛ պահիր թաքուն.
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՜ր։
Ո՞վ էր նա, ի՞նչ էր անունը նրա.
Սոնա՞ էր արդյոք, Խումա՞ր էր, Շողե՞ր,
Ականջին ուներ սրտաձև օղե՞ր,
Խա՞լ ուներ արդյոք, ո՞ր այտի վրա։
Ուներ Տիրամոր աչքեր ու հոնքե՞ր,
Տիրամոր ունկեր,
Տիրամոր ծունկեր,
Տիրամոր հասակ,
Մազերը՝ պսակ,
Շապիկը՝ կապույտ, շորը՝ ոսկեկար, —
Դարերից եկող մի մանրանկար,
Որ կարծես և՛ կար, և՛ բնավ չկար,
Որ թեպետ ուներ
Չխամրող գույներ…
Թե՞ ոչի՜նչ չուներ, այլ ուներ լոկ քե՛զ,
Այլ ուներ լոկ քե՛զ — մի ամբո՜ղջ աշխարհ,
Եվ աղաչում էր, որ դու չլքես,
Դառնաս օրվա հա՜ց և ո՛չ թե… նշխար։
Եվ աղերսում էր՝ առանց նայելու,
Ու նվաղելով՝ տրվում թևերիդ…
Զառ վառը նրա ո՞նց էր վայելում
Վարդապետական ճնշող սևերիդ…
Եվ մի՞թե քեզնից նա չպահանջեց,
Եթե պահանջեց,
Ինչո՞ւ նահանջեց՝
Լացով ու հայցով ինչո՞ւ չտանջեց,
Ա՜խ, ինչո՞ւ անվերջ չհանեց հոգիդ,
Որ ուրիշ հագուստ նա տեսներ հագիդ,
Որ ազատվեիր սքեմից քո սև,
Որ դրսից նո՛ւյնպես լինեիր լուսեղ՝
Վանքից աշխարհի գիրկը դառնայիր,
Ամենամարդըդ նո՛ր մարդանայիր…
Հա՜յր սուրբ, ի՛նքդ ասա.
Ո՞վ էր քո սերը,
Նրբին ու տոկուն,
Բախտի պես թաքուն,
Երջանիկ-անբախտ քո սիրո տերը։
Ո՞վ էր քո շաղոտ-շողոտ Շողեր-ը,
Քո Շողակաթը-Շողիկը-Շողը,
Որ ընդունում էր սրտում իր լռիկ
Անլուր ցավերիդ այրող դողերը,
Ինչպես շանթերն է իր մեջ ընդունում
Այս տարողունակ-բարեգութ հողը։
Ո՞վ էր, որտեղի՞ց, ինչպե՞ս էր գալիս,
Յուրայիններին անվերջ խաբելով,
Տնեցոց առաջ լեզու թափելով,
Սիրտը հևիհև, կարոտից մարած,
Ահն ու երկյուղը,
Վախն ու սարսափը
Փայտփորի նման հոգու մեջ թառած, —
Ո՞րտեղ էր գալիս, որ իր ափերով
Դալուկ ճակատիդ ամպերը վանի,
Որ չար աշխարհից մի պահ քեզ հանի
Ու տանի — և ո՞ւր — թըշվառն ո՞ւր տանի…
Թշվառն ի՞նչ աներ, ի՞նչ հող տար գլխին,
Նա ինչպե՞ս դառնար քեզ համար նեցուկ
Իր թույլ ձեռքերով ու սիրով ծածուկ,
Ինչպե՞ս օգներ քեզ, ինչպե՞ս պաշտպաներ,
Երբ տգիտության հազա՜ր դեսպաններ,
Քուրմե՛ր մթության,
Անվերջ, չո՛րս կողմից, առա՜նց գթության,
Ամեն օր մի նոր առիթ հայթայթում,
Հարվածում էին, խոցում քեզ, խայթում.
Երբ քո շուրջբոլոր հին ոխն էր պայթում,
Ճայթում նոր քենը,
Ցայտում նախանձը.
Երբ քո ոսկեհատ սրսուռ ցորնի տեղ
Սերմ էին հաշվում բոված աղանձը, —
Մի անբախտ Շողեր իր սիրով ծածուկ
Էլ ինչպե՞ս օգներ, դառնար քեզ նեցուկ…
Գլուխ 5 / 8
Ղողանջ վայրատման
Մտքերով տարված խորհուն քայլելիս
Դավադըրաբար ոտք էին տալիս,
Թիռ-թավագըլոր անվի ճաղերում
Քինախնդրորեն փայտ ու ձող խրում։
Բայց նա՝ Առաքյալ,
Պիտի՛ որ կյանքում
Չկարողանար երբեք ընդհատել
Իր ճանապարհը առաքելական։
Բայց նա՝ Ուսուցիչ,
Ի՜նչ էլ որ լիներ,
Պիտի՛ որ դառնար մեռած խազերի
Առաջին դպիր,
Միակ քերական,
Թաղվածը պեղեր,
Շաղվածը թեղեր,
Բերեր մեկտեղեր
Մեր խաղ ու տաղի մոտիկ-հեռական…
Նա՛,
Որ ծնվել էր ապրելու կյանքով մի ընկերական,
Ուրախանալու միայն ազգովին,
Տրտմելու դարձյա՛լ ամբողջ համայնքով, —
Հիմա ստիպված ապրում էր մենակ՝
Մենավո՛ր ծառի խշշոցով տխուր,
Մենավոր ծառի ամբո՜ղջ հմայքով։
Միայնա՜կ մի ծառ,
Պտղատո՛ւ,
Հսկա՛,
Որին առիթով և կամ անպատճառ
Անվերջ փայտլեխում ու քարում էին,
Պտղի պտկումին խանգարում էին
Մե՛կ օր, տասնըմե՛կ,
Բայց… քանի՞ տարի,
Եվ մի՞թե ցմահ…
Եվ ինչպես կոպը վտանգի դեպքում
Աչքերն է ծածկում բնազդով բարի,
Այդպես, Վարդապե՛տ, այդպես էլ հիմա,
Կտրելով իրենց խորդուբորդ ուղին,
Ոտներդ են ահա տալիս զարտուղի՝
Էջմիածնից քեզ հեռացընում,
Տանում և մի օր… Պոլիս հասցընում։
Գլուխ 6 / 8
Ղողանջ պոլսական
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Նախ՝ հունական մի հետերա,
Ապա՝ տիկին Բյուզանդիոնի,
Այնուհետև՝ տաճկած խանում, —
Իսկ իմ նախնին՝ կռվից դարձող
Կնակարոտ մի վետերան,
Որ լեռնակույտ տենչանքի հետ
Մշտախայտանք ծով խանդ ունի,
Եվ ինքն իրեն շվայտելով,
Ցոփ վատնելով
Ու հատնելով՝
Արդեն քանի՜ և քանի՜ դար
Քեզնից բնավ չի կշտանում…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Դու՝ հետերա-տիկին-խանում,
Դու՝ պչրուհի մի կախարդիչ,
Արմավալանջ, նոճեթարթիչ,
Մարմարայի պարեգոտով,
Բոսֆորական կապույտ գոտով,
Մահիկահոնք, արևաչյա, —
Մի ըզգլխիչ սիրավաճառ՝
Դեմքով բարի, իսկ սիրտը չար,
Որ հնազանդ մեր ընտանուց մեզ սառեցնում,
Իր մատներին՝ ուզածի պես՝ մեզ պարեցնում,
Շղթայում էր ոչինչ չարժող մի ժպիտով,
Մի ժպիտով,
Որ շատ շուտով
Պիտի բաշխեր ուրի՜շ մեկին, —
Շա՛տ հասկացող,
Քի՛չ զգացող՝
Անսե՜ր, անկի՜րք — լոկ շահադե՛տ,
Լոկ հաշվարա՛ր — խելո՜ք մի կին,
Որ ո՛չ կարգին մոտն էր տանում,
Ո՛չ էլ գոնե կարգին վանում,
Եվ… մեզանից ամենամեծ հաջողակին,
Որ կարող էր Բյուզանդիոնում դառնալ կեսար,
Դարձընում էր շա՜տ-շա՜տ… միայն խեղճ տնփեսա…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Հազարավոր հայ պապերիս
Նախ՝ բորբոքել շինծու խանդով,
Հետո՝ փորձված հոմանու պես
Տրված նրանց խենթ ափերին
Ու հրայրքի տենդ-տապերին՝
Հյութերն ամեն և արյունը,
Քրտինքը ծով և ավյունը
Քամել ես դու քո արգանդով,
Իսկ երբ նրանք հենց ժառանգից են խոսք բացել,
Դո՛ւ, որ գիտես կատվի նման ցնկնել դյուրին,
Փոխարկվել ես իսկույն ջորու՝
Չորացել ես ու ամլացել…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Քանի՜ անփուտ ու սերտ կորիզ
Քո հողերում մենք ենք թաղել,
Մինչդեռ պտուղն ո՞վ է քաղել։
Քանի՜-քանի՜ հայ սերունդներ
Ցանել են սերմ, ցրել հունդեր
Ու հասցըրել բերք ու բարիք.
Ողջն՝ ուրիշի՜ն, իսկ մեզ՝ կարի՛ք…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Շքեղ ու ճոխ, չքնաղ ու պերճ,
Արծաթակուռ ու ոսկերիզ։
Շուք ենք տվել քեզ դարերով՝
Մեր սրբատաշ սուրբ քարերով,
Մեր անասեղ նուրբ կարերով,
Մեր աչքերի փայլ ու ցոլքով,
Մեր մատների ծով շնորհքով,
Չճարվելիք-չեղած ճարով, —
Մեր քանքարով ու հանճարով
Պճնել ենք քեզ,
Զուգե՜լ-զուգե՜լ
Եվ ամեն ինչ այլոց ձգել…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Մետաղաթել դու մի հանգույց՝
Մեր պատմության պարանոցին
Բախտի ձեռքով պնդված մանկուց.
Դու՝ անջինջ գիր օրհասական,
Մենք՝ մի ճակատ խեղճ ու դալուկ.
Դու՝ նոր սֆինքս փոքրասիական,
Դու՝ դարավոր մի հանելուկ,
Մենք՝ դարավոր մի առեղծված.
Դու՝ էն գլխից սրբապղծված,
Եղծվա՛ծ,
Կեղծվա՛ծ
Մի չար տաճար,
Իսկ մենք՝ դարձյալ հավատացյալ…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Դու՝ դիվասիրտ-հրեշտակադեմ,
Ներսից՝ գեհեն,
Դրսից՝ եդեմ,
Կերտված ձեռքով մարդակերպար սատանայի…
…Նոր էր պըրծել հայ ջարդը նոր՝
Ադանայի,
Ու 30 000 հոգի հող էր մտել,
Բայց չէր փտել.
Ելդըզ քյոշքի տերն արնախում ու սևանուն
Սալոնիկում իր ձեռքերն էր դեռ լվանում՝
Գահը զիջած զավակներին իր արժանի,
Որ նորաձև եվրոպական տարազի տակ
Առժամանակ ծածկում էին ճանկ ու ժանիք.
Գրավաճառ խանութների ցուցափեղկում
Բուրում էին դեռ հեթանոս արբշիռ բույրեր՝
Կախարդ ձեռքով ամենազոր Վարուժանի
Խառնըվելով Գողգոթայի ծաղիկների հոտին անթով.
Դեռ հրահան իր մատներով Սիամանթոն
Շանթագըրել էր կամենում Կարմիր լուրեր,
Ու Թեքեյանն էր հղանում մի Հարություն հրաշալի, —
Երբ Կոմիտասն այստեղ եկավ՝
Բո՞ւյն գտնելու,
Թե՞… արթմնի քուն մտնելու…
Այդ գիշերը, ա՜խ, թող ձգվեր, երկարանար,
Այդ գիշերը թող քարանա՛ր,
Որ չբացվեր բախտորոշիչ օրն այն դժնի,
Ու քեզ հաներ
Պոլիս տաներ…
Գլուխ 7 / 8
Ղողանջ նվաճման
Թզուկ ծառերը հեշտ են չորանում
Տաք ու պաղ քամուց,
Քերծվածքից անգամ,
Ճղակոտրումից։
Վիթխարի մայրին կրկին նորանում,
Շիտակվում է շուտ՝
Մինչևիսկ անգութ ճղակտրումից.
Խորունկ նոր վերքին գտնում է նոր ճար՝
Ապաքինվելով բուժիչ այն խեժով,
Որ ուրիշ դեպքում կոչվում է… հանճար։
Եվ ահա նորից նրա թարմ վերքի
Բերանն է գոցվում,
Ու բացվում նրա բերանփակ հոգին,
Ու բացվում այնպե՛ս,
Որ բնաշխարհի զովի ու շոգի
Հարություն տվող շունչն է զգացվում
Պոլսո թաղերում հայրենապապակ։
Բացվում է նրա հոգին բերանփակ
Ադրիականի ու Մարմարայի հեռու ափերին,
Եվ ինքնամոռաց-ցնծուն ծափերի
Որոտից մի պահ
Ծովերն իսկ հպարտ
Ուռչում են թեպետ, զարկվում ափերին.
Բայց… մի այնպիսի՛ հարվածով զգույշ,
Բայց այնպե՛ս անձայն, համրացած այնպե՛ս,
Ինչպես… նկարին Այվազովսկու…
Մի հայ վարդապետ՝
Ո՛չ միայն անզեն,
Մինչևիսկ առանց խաչ ու արծաթի,
Եկել էր՝ նորից Պոլիսն առնելու,
Եվ անառ Պոլիսն իսկապես առավ,
Բայց ոչ թե իբրև գյոռբագյոռ Ֆաթիհն՝
Ահեղ հորդայի սանձը ձեռներում,
Զենքով ու զորքով,
Բարբարոս ձեռքով
Կրակի մատնած հյուսիս ու հարավ։
Նա անառ Պոլիսն իսկապես առավ,
Վերագրավեց, միայն թե… երգո՜վ։
Մի երգչախմբով ամենասասան,
Որ նա՝ գողթնեցուց սերված երգասան,
Խորին խորհրդով կոչել էր Գուսան.
Մի երգչախմբով, ուր ձուլվել էին
Շուրջ երեք հարյուր պարման ու կուսան.
Մի խումբ վիթխարի՝
Մասյաց մայիսյան եղեգնուտի պես
Բազմասոսափուն,
Վանա լճի պես ծփան ու ծափուն,
Արաքսից առույգ, Եփրատից հոսան,
Բայց Արագածից շեշտված ու հավաք, —
Շուրջ 300
Հնազանդ, խոնարհ ու հլու զավակ,
Հնազանդ, խոնարհ ու հլու մեկի՛ն,
Որ դաժան կյանքի ահեղ տաժանքով
Իր հայր դառնալու իրավունքն անգին
Փոխել էր դրա լոկ երազանքով,
Եվ հիմա…
Հանկարծ շուրջ 300 սիրելի զավակ՝
Հո՛ր շնչով շնչող,
Հո՛ր ձայնով հնչող.
Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արյո՛ւն։
Շուրջ 300՜…
Իսկ ինչո՞ւ երեք։
Հա՛յր սուրբ, վե՜ց էր պետք,
Այո՜, Վարդապե՛տ,
Պետք էր 600՜,
Որ… մեր վեցդարյա ահեղ որբության ամե՛ն մի տարուց
Վեց հարյուր տարի անվերջ շամփուրված,
Փայփայանքից զուրկ ու չհամբուրված
Մեր ժողովրդի մրմուռից գոչեր
Ամե՛ն տարվա դեմ մի՛ անմեղ բերան,
Եվ… ա՛յն քաղաքում, որ շեները մեր
Իր լեզվով ասած՝ դարձըրեց վերան՝
Ջարդելով սյուներ, ձեղուն ու գերան.
Եվ… ա՛յն քաղաքում, որ վեց դար արբեց
Մեր գինով, արյամբ և արտասուքով,
Մեր հագուստի հետ, մեր մաշկն էլ գռփեց,
Պղծեց ա՛յն, ինչ որ մենք էինք պաշտում՝
Մեր սուրբ սուփրայով կոշիկը սրբեց,
Ոտքերը լվաց մեր հացի տաշտում…
Շուրջ 300՜ պարման ու կուսան՝
Մի համահավաք-բազմամի Գուսան,
Որ առանց մի պուտ արյուն թափելու
Եվ առանց դավի, առանց խաբելու,
Մի դաշնամուրով ու սրինգ փողով,
Վեց հարյուր շուրթով ու ձեռքով մի զույգ,
Թե հարուցելով լաց ու արտասուք՝
Ապա հուզելով, ո՛չ ահ ու դողով,
Թե հարուցելով կանչ ու աղաղակ՝
Ապա ցնծությամբ, ո՛չ թե երկյուղով, —
Առա՛վ-նվաճե՛ց-գերե՛ց մի քաղաք,
Որ մի քաղա՜ք չէր, ոչ էլ տերություն,
Այլ միանգամից երկու մայրցամաք՝
Մի երկկողմանի յանոսյան դիմակ -
Կիսով ասիական ու եվրոպական
Մեկին՝ միջնաբերդ,
Իսկ մյուսին՝ մատույց,
Այստեղ՝ ապական,
Իսկ այնտեղ՝ այտույց…
Եվ նա՛, որ երեկ տիրեց Եվրոպան
Ու հիմա դարձել Ասիան էր գերում,
Նա՛, որ ընկել էր մի հուռթի խոպան
Եվ իր քրտինքով ջրած հերկերում
Ե՛վ խոփ էր ինքը, և՛ լուծ, և՛ ճոպան,
Սերմնացան այնպես՝ ինչպես որ տափան, —
Հիմա թերևըս նա զուր էր ուզում
Պոլսում բաց անել երաժշտանոց.
Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թեպետ,
Հազարի նման մի հայ վարդապետ,
Մի մարդ էր,
Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորյա,
Մի մարդ էր,
Սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝
Երգիչ, նվագող,
Խաղեր հավաքող,
Որքան խմբավար՝
Նույնքան ուսուցիչ,
Որքան հնագետ՝
Մեռած խաղերի գաղտնիքը լուծող,
Նույնքան պատմաբան՝
Դարավոր երգի մայրուղին գծող։
Եվ մի երգահան, և մի տաղաստեղծ,
Որի քրտինքի ամեն մի կաթիլ
Դառնում էր նոր երգ ու նոր եղանակ.
Ե՛վ աստվածային մեր Պատարագի մի նոր հեղինակ,
Ե՛վ զավեշտական օպերետայի ուրախ խաղաստեղծ, —
Մի մարդ,
Որ սակայն կարծես թե մարդ էր բազմահատորյա
Մի մարդ,
Որ սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա…
Եվ ահա նրա կախարդ ձեռքի տակ
Ծերուկ խազերը դառնում են կարծես անլեզու մանուկ,
Որ կամաց-կամաց իր թոթովախոս լեզուն է բանում.
Թո՛ղ որ դեռևըս ինչ-որ տեղերում թլիկ է տալիս,
Բայց կանցնի և՛ս մեկ-երկու տարի, —
Էլ հա՜մրը որտեղ, էլ ի՜նչ փակբերան…
Մարմին է դառնում Անուշ օպերան,
Որ էլ հարց չտա հեգնող Ֆիգարոն,
Թե ո՞ւր են հապա Մոսին ու Սարոն…
Մարմին է առնում Անուշ օպերան.
Եվ ժողովրդի
Ընդերքից հուռթի
Միևնույն տարում լույս աշխարհ եկած
Նույն ժողովրդի
Կարեվեր սրտի
Հոգսերից, ցավից, հույսերից երգած,
Նույն հողը հերկած
Սերմնացան երկու
Մեկտեղ են բերում բերքը պանծալի՝
Սիրով գումարում հանճար հանճարի…
Մինչ ինքը այստեղ՝
Արդյոք Բերայի Բանկալթի թաղո՞ւմ,
Արդյոք Իշխանաց կղզո՞ւմ ման գալիս,
Թե՞ քաղաքամերձ չքնաղ Հայգյուղում, —
Մինչ ինքը այստեղ՝
Իր միտքը լողում,
Թողնում է Բերա — Բանկալթի — Պոլիս
Ու հասնում նորից
Ո՞ւր… Էջմիածի՛ն։
Ա՜խ, նրանք այնտեղ հաճախ, շա՜տ հաճախ
Խուց էին մտնում լոկ լուսաբացին,
Իսկ ամբողջ գիշե՜ր…
Եվ ամբողջ գիշեր
Ծերուկ մոկացին…
Ինչպե՞ս չհիշել
Որքան էլ թվա անցած ու հեռու։
Նա ճեմարանի պահակն էր ծերուկ՝
Անտուն ու անտեղ այդ Նախո քեռին։
Նրա մացառփուշ խառնակ հոնքերի
Տեղ-տեղ փլուզված կամարի վրա
Դարսդարսված էին կնճիռներ մռայլ՝
Ամեն մեկն ասես կամարին վայել
Մի-մի ձեղնափայտ, փոքր ու մեծ գերան,
Ու թե ծռմռված վերից ու տակից,
Ապա ճակատի պաղից ու տաքից։
Եվ ամեն անգամ, երբ Նախո քեռին
Իր իսկ մտքերի քամուց սարսվելով՝
Կամարն էր ցնցում քանդված հոնքերի,
Գերաններն անվերջ վեր ու վար թռչում,
Հա՜ ճոճվում էին, բայց չէին փլչում…
Թաղել էր քեռին՝ ինչ ուներ կյանքում,
Թողել հայրենի Սասուն — Մոկս — Շատախ,
Եվ հիմա՝ զրկված տեղից ու տնից,
Մենակ, չորգլուխ՝ պահակ էր վանքում։
Եվ ամեն գիշեր սոսինձ սաների
Կպչուն խնդրանքով և աղաչանքով
Խեղճ Նախո քեռին կամա-ակամա
Դառնում էր կրկին Սասուն — Մոկս — Շատախ՝
Միշտ սկսելով.
-Է՜հ, լաո՛, մատա՜ղ…
Ու նույն աննվազ խոր հառաչանքով
Ամեն օր պատմում Սասնա մի ծռից,
Քուռկիկ Ջալալուց, Կեծակե թրից,
Ագռավաքարից
Ու Ծովասարից։
Դիցաբանելով վիպում էր քեռին,
Բայց և վիպածին խորունկ հավատում՝
Ապրում նրանց հետ, նրանց պես դատում,
Նրանց աչքերով սիրում ու ատում։
Վիպում էր քեռին ու երգում տեղ-տեղ.
-Դառնամ զողորմին…
Ազգին ու տոհմին…
Ու նորից վիպում ու երգում հերթով
Իր ծերունական խզված կոկորդով.
-Էնոր լե ծծե՜ր՝ լուսնակ էր ջուխտակ
Մեզի լույս տալու…
Էնոր լե ճակա՜տ՝ մեյդան էր, լաո՛,
Քուռկիկ Ջալալու…
Եվ Նախո քեռու միամիտ մտքով
Ինչպե՞ս անցկենար,
Թե ինչքան գնար՝
Այնքան ավելի հաճախ կհիշեր
Այն խելոք սանից, որ հետո թեպետ
Հագավ սև սքեմ, դարձավ վարդապետ,
Բայց ուշք ու միտքը տվեց երգերի։
Նախոյի մտքով ինչպե՞ս անցկենար,
Թե միշտ հիշվելիս՝ ինքը խեղճ քեռին
Կկանգներ կողքին ինչ-որ… Վագների։
Այո՛, Վարդապետ, վիզը ծռելով՝
Այդ խեղճ ու կրակ անգրագետ քեռին
Կողքից էր նայում գոռոզ Վագներին
Եվ պահանջո՞ւմ էր,
Թե՞ աղաչում էր,
Որ դու քո զորեղ Սասնա ծռեր-ով
Խրատես նրա Նիբելունգներ-ին.
Ձեռքի դեմ՝ բազուկ,
Շուրթի դեմ՝ բերան,
Օպերայի դեմ՝
Քո նոր օպերան…
Քո ժողովուրդը՝ արյան ծովերում,
Նորոգվող վերքի անլուր ցավերում,
Իսկ նրա որդիք՝ պատմության մուժից
Գոռ գոչում էին իրենց հաղթ ուժից,
Կենաց ու մահու պայքարից արդար։
Այստեղ էր ահա, որ Դավթի կողքին
Գալիս էր կանգնում մի Կարմիր Վարդան
Ու հանում էր քեզ Պոլսո Բերայից,
Դեպի Ավարայր ու Տղմուտ կանչում, —
Եվ քո ականջում
Խմբերգն էր հնչում
Այն հերոսական նոր օպերայից,
Որ այս անգամ էլ կոչվում էր Վարդան…
Գլուխ 8 / 8
Ղողանջ մրցավարտի
Եվ մեկ անգամ հաղթարշավով
Արդեն անցած կես-Եվրոպան,
Այնուհետև նվաճելով սիրտն Ասիայի,
Խլացնելով նեյնիմական ու սազային
Երգացավի ծանըր նոպան՝
Հիմա նորից հրավիրվեց նա Եվրոպա.
Կանչվեց Բեռլին, հետո՝ Փարիզ։
Ականավոր երաժիշտներ ողջ աշխարհից՝
Չմահավա՛ն, բարձրաճաշա՛կ, անմիաբա՛ն.
Միջազգային Ընկերության Համաժողո՜վ։
Եվ սյունազարդ սրահներում լուսաողող
Յուրաքանչյուր ժողովրդի երգ ու խաղից՝
Զեկուցումներ,
Յուրաքանչյուր ժողովրդի պար ու տաղից՝
Երգ-ցուցումներ։
Իսկ բովանդակ ու բազմազգի Արևելքից՝
Մե՛կը միայն…
Ուրիշները, սրտի դողով,
Զեկուցման հետ բեմ են հանում
Նվագախո՛ւմբ, պարե՛կ, երգի՛չ։
Իսկ սա՜… ինքը մեկնաբանում,
Ինքն էլ ձեռքը ծոցն է տանում,
Ծոցն է տանում
Ու… դուրս հանում
Օրկեստրի տեղ միայն մի… պարզ ծիրանի փող
Եվ, փոխանակ մենակատար անհատների,
Ինքն է հանձնում իր շուրթերին ու մատներին,
Ու… մի փոքրիկ, փայտե մի փող
Մերթ հնչում է օրկեստրային ամբողջ թափով,
Մերթ՝ դայլայլում ու գեղգեղում,
Մերթ ժայթքում է ու մերթ զեղում,
Մերթ կուտակում ու բարդում է,
Մերթ՝ խենթ հոսքը մատով նեղում,
Ուզածի պես հունից շեղում
Ու վերջում էլ ավարտում է
Ինքը՝ ինչ որ հանգույց կապով,
Իսկ դահլիճը՝ ընդոստ ծափով։
Հետո՝ փողը ծոցն է տանում
Ու վերստին մեկնաբանում,
Եվ մի վայրկյան տալով դադար,
Նորից դառնում մենակատար՝
Ինքն է երգում սրտի ձայնով…
Ա՜խ, Վարդապե՛տ, նորից այնօր
Մտքերից՝ մեգ, աչքերից մուժ դու ցրեցիր,
Աշխարհում մեզ դու պարզերես դարձըրեցիր,
Իսկ ինքըդ քեզ՝
Կրկի՛ն հաղթող մենամարտիկ,
Որ ծափերի տարափի տակ
Ցած է իջնում բեմից մարտի,
Ցած է իջնում,
Որպեսզի նո՛ւյն այդ ձեռքերով,
Իբրև հերոս -
Դեռ կենդանի՜-
Վեր բարձրանա… պատվանդանի…
Ղողանջ հրաշագործման
Թե մինչև հիմա որտեղ որ երգն էր
Այնտեղ էլ նա էր,
Այսուհետ արդեն որտեղ որ նա էր՝
Այնտեղ էր երգը։
Առաջին անգամ լայն դահլիճների
Բեմից էր լսում ինքն իրեն հայը,
Եվ բոլորովին ուրիշ էր հնչում
Իր իսկ «Տույ-տույ»-ը,
«Վայ լե-լե վայ»-ը.
Նո՛ւյն արտն էր հուռթի,
Նո՛ւյն սերմը ցանված,
Բայց… խորն էր հերկը,
Ու բեղուն՝ բերքը։
Հայ ելևէջի վայրի տարերքը,
Հեղեղ մեղեդին,
Տարափ պարերգը
Էլ չէին արդեն հնչում ու կորչում,
Ինչպես հողմերը՝ դաշտերում լեռնոտ,
Ցատկան ջրերը՝ ձորում ու կիրճում —
Անօգո՜ւտ այնպես,
Այնպես ապարդյո՛ւն։
Հայ ելևէջի վայրի տարերքը
Մի կախարդ ձեռքով, որտեղ որ պետք էր,
Դառնում էր անձրև՝ ծլարկած արտում,
Դառնում ջրաղաց,
Էրանի քամի՝
Ցանկացա՛ծ ժամին։
Հայ ելևէջի հոսքը վարարուն
Մի կախարդ ձեռքով մտել էր խոր հուն,
Գտել էր անշեջ ու որոշ հասցե.
Հասնում էր սրտին՝ ում էլ պատկաներ։
Մոտիկ դրացո՞ւ,
Ռուսի՛, վրացու՛,
Թե՞ օտարաձայն հեռավորների՝
Լեհի՛,
Ֆրանկի՛,
Ավըստրիացո՛ւ։
Այսպես՝ կալակիտ ցորենն է դառնում
Ընտիր սերմացու,
Ապառած քարը՝ սեղան խորանի
Ու պատի վրա ջուր խմող այծյամ։
Այսպես՝ դաշտերի ծաղկունքը ցանցիր
Պսակ են դառնում հարսների ձեռքով
Հարսների լանջին։
Այսպես՝ եղյամն է ապակիներին
Լուսամուտների շրջանակի մեջ
Հանճարեղագույն բնանըկարի կերպարանք առնում։
Եվ հույսը — այսպե՛ս — հավատ է դառնում…
Նա մելամաղձոտ հայ եղանակին
Հայկական ուրախ հորդան էր կցում,
Եվ կարծես արփին ծագում էր հանկարծ
Ցրում մուժ ու մեգ։
Նա վիրաբույժի հմուտ ձեռքերով
Ինչ-որ կույր աղիք կտրում էր գցում,
Եվ մարմինն ասես ծնվում էր նորից,
Դառնում մորեմեկ։
Նա… ի՞նչ էր անում։
Լոկ այն էր անում,
Ինչ որ անում է ավազն ամանին՝
Մաքրում է ժանգից.
Ինչ որ անում է ջուրը մանչուկին՝
Դունչիկն է սրբում.
Ինչ-որ անում է մայրը մանուկին՝
Ինն ամիս կրում իր կողերի մեջ
Ու գերմարդկային-մայրական ցավով
Ավելացնում է թիվը աստղերի՛, —
Մի սովորակա՜ն… անսովո՜ր հրաշք։
Ղողանջ հաղթության
Եվ արտերի փոխանակ
Հորովելը գեղջուկի
Դահլիճներում է հնչում.
-Ձի՜գ տուր, քաշի՜, ա՛յ եզ ջան…
Բաց երկընքի փոխանակ
Շրթունքները պանդուխտի
Բեմերից են մրմընջում.
-Հո՜ւր են ձգե մեջ իմ ջան։
Գյուղակների փոխանակ
Քաղաքներում է ծորում.
-Սուփրեն կալում գցած ա։
Հյուղակների փոխարեն
Սրահներում է բուրում.
-Խնձոր ունեմ, կծած ա։
…Իսկ մեր խնձորն իսկապես
Արնածոր ու վիրավոր՝
Հազա՜ր տեղից էր կրծած.
Առևանգած իրարից՝
Մեր խնձորը դարավոր
Հազա՜ր ձեռքից էր պրծած։
Հազա՛ր եղունգ ու ճիրան,
Հազա՛ր մագիլ էր խրվել
Նրա փխրուն կողերում։
Տիղմաբեր ու թմբատար
Հազա՛ր հեղեղ էր ցրվել
Նրան սնող հողերում։
Ոսոխներից բարբարոս
Շատերն անգամ հավիտյան
Կորել էին աշխարհից,
Չքվել էին՝ թողնելով
Լոկ պաղ մոխիր կամ մատյան
Բևեռագիր ու քարից։
Բայց մնում էր մեզ վրա
Հետքը նրանց ժանիքի՝
Նրանց արնոտ կնիքի։
Խառնըվել էր մեր երգին
Օտարի շունչն անմաքուր,
Օտար երգի ելևէջ.
Աղ էր ցանվել մեր վերքին,
Ավազ լցվել մեր բերքին
Եվ ջուր՝ արդար կաթի մեջ։
Ականջ էր պետք, որ ջոկի,
Ու ձեռք էր պետք, որ պոկի
Օտարամուտ ամեն քող։
Պետք էր կոկորդ ու ոգի,
Որ տաղ դարձած մեր հոգին
Համերգանար ամեն կողմ։
Մարդուն երբ ցավ են տալիս՝
Հետն էլ արցունք է գալիս,
Որ կսկիծը քիչ մարի։
Վերք է տրվում՝ և դե՛ղ կա,
Ելք է ճարվում՝ թե նե՛ղ գա, —
Այսպես է կարգն աշխարհի։
Ու եկար դու՝ վիթխարի՜,
Եվ մեր հայոց աշխարհի
Անտերացած հայելուց
Բիծ ու փոշին, խա՜վ առ խա՜վ,
Բարեխընամ մի ձեռքով
Կարծես հանկարծ սրբեցին. —
Եվ մեզ այնտեղ նայելուց
Աչքերը մեր հարբեցին.
Մե՞նք ենք՝ այսքա՛ն վայելուչ,
Այսպես կոկի՛կ, հարդարվա՛ծ,
Գոհարներո՜վ զարդարվա՛ծ։
Չկշտացա՜նք նայելուց…
Այսպես հանկարծ և անձայն՝
Մեր հեքիաթի համաձայն՝
Միայն փոխվում է այգին,
Երբ որ այգում այդ անջուր
Կախարդիչ երգն է հնչում
Մեր Հազարան զառ հավքի։
Եվ ամենքըս մեր աչքին
Երևացինք աշակերտ,
Իսկ դու՝ երգի դասարան։
Եվ ամենքըս մեր աչքին՝
Թոշնած-խամրած ծաղկաթերթ,
Իսկ դու՝ բլբուլ Հազարան։
Եվ այն օրից, Վարդապե՛տ,
Դու ծայր տվիր հրաշքի՜ն,
Եվ հաղթական մի շքերթ
Ձգվեց հեռո՜ւ և հեռո՜ւ
Էջմիածնի կավակերտ
Ու սրբատաշ պատերից։
Դու՝ սքեմիդ սևերում,
Մինչդեռ քո լույս մատերից
Ծորանք առան շող շիթեր։
Եվ ինչ երկար դարերով
Քո ժողովուրդն էր կիտել
Նմո՜ւշ-նմո՜ւշ, հա՛տ առ հա՛տ,
Դու լիաբուռ-լիառատ
Շա՜ղ տվեցիր աշխարհում,
Որպես մի նոր վաշխառու,
Որ տվածի փոխարեն
Բարձըր շահ է պահանջում՝
Հիացմունքի շող արև՛,
Գոռոզության նահանջո՛ւմ։
Եվ այն, ինչ հայ գյուղացին ձիգ էր տվել դարերով
Ապարանի կամ Լոռվա հերկում, կալում, խոզանում,
Հիմա արդեն, Վարդապե՛տ,
Ծավալվում էր քո՜ շրթից,
Ծավալվում էր… Լոզանում։
Հայ պատանու վիրավոր սրտի մրմունջն էր հևում,
Բայց քո՜ բերնից, Վարդապե՛տ,
Այն էլ հեռու… Ժնևում։
Կոմսուհիներ, բարոններ,
Տիտղոսավոր տեր-տիկին
Քո մատներից լսելով մեր Նազպար-ը, Շուշիկի-ն՝
Նետում էին ակամա գոռոզության ու շիկ-ի
Ամեն դիմակ ու կեղծամ
Եվ, մանկորեն հիացած,
Իրենց մտքում, պատրանքով,
Տեսնում… պարող մի այծյամ։
Հեռվից-հեռու, մոտ ի մոտ
Մեր կարոտն էր սավառնում,
Ու մեր սրտի խոսքը տոթ
Շիկանում էր քո բերնում,
Սակայն ո՛չ թե խաղողի մի ծանրածոց այգու մեջ,
Ո՛չ էլ կտրից հայկական,
Ո՛չ էլ արտից, այլ… Բեռնում։
Մի գիշերում դու ձայնով նվաճեցիր Վիեննան՝
Ստիպելով, որ բոլորն օտար երգով հիանան։
Լոկ ծիրանի մի փողով
Ու շարժումով մատներիդ
Տեր-տնօրեն դու դարձար խորթ ու խոժոռ Ցյուրիխում՝
Ստիպելով, որ զգան, թե ինչպես է մեր գինին
Տաքանալով մեր երգից՝ սարքում զվարթ կերուխում։
Նրբաճաշակ-բարեսուն
Երեսառած Փարիզում
Բեմին բուսնեց ու ճոճվեց տղամարդկանց պարի սյուն,
Սակայն… լոկ քո՛ երգերով,
Քո՛ նվագով — ո՜չ մի խումբ։
Ու խենթացած ծափ տվեց Փարիզն ինչպես ձեռքերով,
Այնպես նաև բաց ու խուփ
Թարթիչներով՝ զարմացա՜ծ…
Ասես մեկեն թարմացած՝
Ներընդունած կազդուրիչ ինչ-որ առողջ շիթ արյան,
Քեզ լսելով, Վարդապե՛տ, ջահելացա՜վ Իտալիան,
Երբ դու հասար Վենետիկ։
Ու մոռացած խստապահ ծես ու կանոն, սնոտիք,
Ու մոռացած հավատի կապ ու կապանք, կաղապար՝
Ամե՛ն մոլի ուղղափառ,
Բողոքակա՛ն, կաթոլի՛կ,
Լուռ զգացին, որ իրենք մարդ են կյանքում ու եղբայր,
Երբ մեկ դարձավ փոթորիկ,
Մեկ էլ ծփաց մեղմաբար
Հայ հոգևոր երգը ծով,
Որ քո՜ շրթից, Վարդապե՛տ,
Ալի՜ք-ալի՜ք, փերթ առ փերթ
Ծավալվում էր,
Թավալվում
Ելնող-ընկնող կոր գծով։
Ու Եվրոպան, որ գիտեր միայն ինչ-որ Արևելք՝
Միաշերտ ու միաշուրթ,
Դժոխքի պես մոտակա,
Դրախտի պես հեռավոր, —
Հիմա արդեն Եվրոպան
Գտավ մի նոր ժողովուրդ
Եվ հասկացավ, որ ունի
Նա մի անցյալ դարավոր,
Երակներում հոսք ու եռք
Բազմադարյան
Տոթ արյան,
Եվ երկիրն այդ նորագյուտ
Նոր անունով մկրտեց՝
Արևելքի Իտալի՛ա…
Ղողանջ միջակության
Աշուն է նորից։
Սարից ու ձորից
Գալիս է կարծես մայրության բուրմունք
Ու համ պտուղի։
Ողկույզներն իրենց ճարահատ լացով
Խնդրում են դառնալ գինու քաղցր ծոր
Եվ կամ պուտ օղի։
Քամու շնորհիվ ծառերի զառ-վառ
Խաշամն է թռչում թավալ առ թավալ,
Այնպե՛ս, որ հեռվից անծանոթ մեկին
Մի վայրկյան նույնիսկ կարող է թվալ,
Թե փասյանների երամն է ծառից
Պոկվում ու հետո իրարից զատվում։
Կանաչ եղեգնի սրերն անպատյան
Դեղնում են՝
Ասես ժանգով են պատվում։
Լաչառ փշերը՝ արդեն չորացած,
Արդյոք ո՞ւմ վրա, ինչո՞ւ չարացած՝
Զգալ են տալիս անցուդարձողին,
Որ իրենք են տերն այս անփորձ հողի։
Իսկ մեջքակոտրուկ մեղու և պիծակ
Համերգ են տալիս անփող ու ձրի
Բնության հսկա անբեմ տաճարում,
Եվ ամբողջ օրը ինչ-որ մեծերի
Դուր գալ ցանկացող ճպուռներն անվերջ
Քարոզչի նման ճառո՛ւմ են, ճառո՜ւմ։
Իսկ չորամամուռ չեչոտ ժայռերի,
Քարերի վրա
Արև են կորզում մողես գորշավուն
Ու կանաչ խլեզ՝
Յուրաքանչյուրը,
Իբրև աստըծո սուր ծաղրուծանակ,
Մի ցամաքային ու քարաբնակ
Խեղճ կոկորդիլոս։
Ասպետությունից բոլորովին զուրկ
Ամպերն անքանակ
Գրոհ են տալիս բանակ առ բանակ
Մեն ու մենավոր արեգակի դեմ,
Որ կարծես իբրև փոքր ազգի հերոս
Բյուր գաճաճների հոծ ամբոխի մեջ
Կռիվ է մղում ողջ օրը՝ մենակ
Ու երեկոյան… նահատակվում է իբրև մարտիրոս…
Այնպե՜ս դուրեկան,
Այնպե՜ս փայփայիչ
Աշուն էր կրկին, երբ Եվրոպայից
Առոք ու փառոք ետ դարձավ նա տուն՝
Եվրոպան հաղթած։
Բայց թափ չէր տվել դեռ ճամփի փոշին,
Ճակատից ճամփի քրտինքն էր կաթում,
Դեռ չէր իսկ փոխել հագուստ ու կոշիկ,
Երբ ոտքերի տակ ճահիճը ճոճվեց,
Վտառը վխտաց։
Նա, որ գալիս էր Եվրոպան հաղթած,
Հիմա հաղթության արևը սրտում,
Վաստակած բազկով, հոգով տոնական,
Հերոսի նման դառնում է իր տուն,
Եվ հանկա՜րծ
Այնտեղ… ուժը չի պատում
Իր հրով հալել պաղը տնական,
Եվ հանկա՜րծ
Այնտեղ… զգում է իրեն
Իր գալո՜ւց առաջ ջարդված
Ու պարտված…
Ամբաստանության ամեհի քամին
Լցնում է նրա աչքերը փոշով,
Ու բանսարկության մացառն իր փշով
Հոգի բզկըտում, խոցում է մարմին,
Քանզի ոսոխ է փտածը թարմին
Եվ հասարակը՝ ազնվազարմին,
Քանզի չի պրծել ու չի վերջանա
Նրանց դարավոր վիճարկությունը։
Կարկին-քանոնով,
Կարգ ու կանոնով
Արտակարգի դեմ գրոհ էր տալիս
Նույն ինքը… Նորին Միջակությունը։
Միջակությո՜ւնը։
Նա աչքեր ունի՜,
Սակայն… ծոծրակին
Եվ տեսնում է նա,
Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի,
Այլ նրա գցած ստվերը միայն,
Եվ ոչ թե գլուխ
Մի առաջամուխ,
Այլ պոչը, ագին։
Նա ունի՜ ականջ,
Բայց ո՛չ թե նոր կանչ,
Այլ անցած կանչի
Թույլ արձագանքը լսելու համար։
Ունի՜ քաղցրություն,
Բայց հիվանդագին-վաղահաս մրգի,
Որ ցած է ընկնում՝ դեռ չեկած ամառ։
Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ
Սիրահարված է քսմսվող ներկի՛ն…
Միջակությո՜ւնը…
Թե թռչուն է նա՝ ապա թութակ է.
Այն է կրկընում, ինչին վարժել են։
Թե կենդանի է՝ կապիկ է միայն.
Անում է լոկ այն, ինչին մարզել են։
Եթե ուժեղ է՝ ապա ջորո՛ւ պես.
Ուժն իրենը չէ,
Այլ ծնողների զորեղությունն է,
Ա՛յն ծնողների, որ — ավա՜ղ — նրան
Մի՛ բան չեն տվել
Հասարա՜կ մի բան՝
Ծնող դառնալու կարողությունը։
Հուզվել էր ահա
Ու տագնապում էր Միջակությունը։
Արյունապակաս-պաղած խեղճերին
Տենդի ջերմ թվաց այն տաքությունը,
Որ անջատվում է սրտից վառվռուն
Եվ ահագնանում ցրտից շուրջբոլոր։
Ու մարդիկ, որոնց հագինն էր լոկ նոր,
Իսկ հոգին հին էր ու կարկատանված,
Կենարար հովին, զովարար քամուն
Նայեցին իբրև ահեղ թշնամու,
Որ գուցե հանկարծ իր շնչով պոկի
Ու փուլ տա նրանց կարկատուն հոգին։
Եվ մարդիկ, որոնց խոսքերն էին նոր,
Իսկ միտքը՝ մաշված,
Ինչպես դրամը առուծախի մեջ,
Գոռ հրդեհ տեսան
Լուսարար մտքի վառ օջախի մեջ
Ու սրտապատառ աղմուկ գցեցին.
-Հասե՜ք, ջո՛ւր ճարեք,
Օգնեցե՜ք, մարե՜ք…
Ո՛վ Միջակության անխախտ բնություն,
Դու՝ մտքի միայն թվաբանություն
Եվ հանրահաշվի երդըվյալ ոսոխ,
Դու՝ անծայր երկնի լազուրի տեղակ
Գնվող-վաճառվող մատչելի լեղակ,
Բոլո՜ր դարերի դու մե՜ծ հաջողակ,
Անցողիկ փառքի, էժան բախտի գող,
Եվ ամենազոր… քո ա՛յն գաղտնիքով,
Որ քաջ է հայտնի նաև մեծերին,
Բայց որոնք մեծ են այնքանով նաև,
Որ գիտեն թեև,
Բայց այդ գաղտնիքից
Չե՜ն կարողանում երբեք օգտվել…
Ո՛վ Միջակություն,
Ո՛վ երանելի ցմահ խակություն,
Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն,
Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց,
Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից,
Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի
Բոլո՜ր տառերով ի սպաս դրվեց
Սուտ-Հիսուսների անփակ բերանին,
Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ
Վերածվեց հսկա բարդու գերանի։
Է՛լ սրբագործված օրենքի խախտում,
Է՛լ արատավոր մտքեր ու երգեր,
Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում,
Կամ — մեղա՜ աստծո, դրա՛խտը հերքել, —
Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր,
Առագաստավոր ենթադըրությո՜ւն,
Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն
Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով
Նույն սուտ-սրբերի անսուրբ ձեռքերով։
Եվ նույնիսկ նրա օդը շնչելիք
Ապականեցին շուրջբոլոր այնպես,
Որ նա շնչելիս — օդի փոխանակ -
Մանրած ապակու փշրանք էր կարծես
Բռնի կուլ տալիս…
Եվ սիրտը նրա ցավից կուչ եկավ,
Ինչպես գյուղացու սիրտն է կծկըվում,
Երբ ամռան կեսին կարկուտ է գալիս…
Հացըդ, Վարդապե՛տ,
Հացըդ դառնացավ թալկաթփի պես,
Եվ գունաթափվեց
Ու պաղ քրտինքով ճակատդ պատվեց՝
Վանքի ծեփի պես։
Հայացքը նրանց, ում պիտի որ դու
Ըստ հին օրինաց եղբայր կոչեիր,
Կամ աջդ տայիր, կամ աջ պաչեիր,
Հայացքը նրանց դաղում էր հիմա
Եվ այրում էր քեզ՝ եղնջի նման…
Այս անմիաբան Միաբանության պաղ պատերի մեջ,
Չար ու փոքրոգի, խղճուկ ու չնչին այս վատերի մեջ,
Էլ ինչպե՞ս պիտի դու քեզ զգայիր.
Մասյաց վիհն ընկած մի նոր հսկայի՞,
Թե՞ չհասկացված մի հին սրբի պես։
Չէ՜, փոխվել էին ժամանակները.
Պիտի զգայիր… միայն որբի՜ պես…
Ղողանջ հարցման
Նա որբ էր ծնվել ու սնվել կյանքում,
Եվ ոնց սկսվեց՝ այնպես էլ գնաց.
Անձնական կյանքում նա միշտ որբ մնաց՝
Որբ օթևանող հինավուրց վանքում։
Այդպես էլ մնաց անտուն ու անտեղ.
Լոկ խոնավ մի խուց, թղթեր ու կանթեղ։
Այդպես էլ մնաց մենիկ ու մենակ.
Հոգին՝ աննեցուկ, ինքը՝ անհենակ։
Ամենից առաջ՝ նա հայր էր ծնվել…
Այդպես էլ կյանքում չունեցավ բալիկ,
Որ տան անկյունում օրորոց դրվեր,
Կամարից կախվեր հուռութ-խաղալիք,
Եվ ինքն էլ հակված նանիկ-նայ ասեր,
Իսկ երբ մեծանար՝ տը՛պ-տը՛պ-տը՛պ վազե՜ր
Ու հոր թղթերը խառներ-խզբզեր,
Անվերջ բլբըլար,
Եվ շիվը դալար
Աննկատ լցվեր ու նոր բուն դառնար,
Երջանիկ մի օր տեղ ու տուն դառնար։
Նա ուներ մատնե՛ր.
Տաքուկ ու նրբին, աղերսո՜ղ մատներ՝
Շոյելո՛ւ համար, ցավը մեղմելո՛ւ,
Գրկելո՛ւ համար, կրծքին սեղմելո՛ւ։
Սակայն որտեղի՞ց և ինչպե՞ս գտներ
Մի ժիրիկ մանչուկ,
Հետն էլ՝ թևանցուկ
Գանգուրիկ
Քուրիկ…
Նա ուներ շրթե՛ր.
Այրող կարոտից դողացո՜ղ շրթեր՝
Պաչելո՛ւ համար ու համբուրելո՜ւ,
Եվ… պիտի կյանքում անհագ մի պապակ
Հա՜ նրան դրդեր
Օտար թաթիկից շոյանք մուրալու,
Թմբլիկ թուշիկից հայցելու մի պագ…
Եվ ուներ նա սի՜րտ՝ սիրելո՛ւ համար,
Մի սիրտ՝ գերվելով տիրելու համար,
Մի սիրտ՝ սե՜ր համակ,
Մի սիրտ՝ սիրո ծո՛վ,
Իսկ ինքը սիրուց հավիտյա՛ն ցամաք։
Ինքը՝ սիրուց սո՜վ,
Ինքը՝ մենակյաց ու կուսակըրոն՝
Ինքն իրեն ծյուրող մի սիրո կերոն,
Որ վառվում է հար խորանի խորքում
Անմարդաբնակ — դափդատարկ վանքի
Եվ լուսարարի աչքին ու հոգուն
Իր մուխն է տալիս, լույսը՝ ոչ ոքի…
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։
Դեռ վնաս չունի,
Թե աստվածն անգո չեղյալ Մովսեսին
Գերադասել էր ու նախընտըրել
Միջնորդ իր միջև ու ժողովրդի՝
Միաժամանակ խեղճ ու կրակին ծնելով կակազ։
Ե՜կ ու թարգմանիր քո թլվատ լեզվով
Պատգամներն աստծո, մտքերը խրթին։
Դեռ կարելի էր ավել ու պակաս
Չեղյալի համար անգոյին ներել։
Բայց… Միլտոններին վերցնել ու զրկել տեսողությունի՞ց,
Բեթհովեններին՝ լսողությունի՞ց,
Կոմիտասներին թույլ չտա՞լ սիրել…
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։
Ինչո՞ւ, և դարձյա՛լ, և կրկի՛ն ինչո՞ւ,
Եվ ի՞նչ է ուզում դրանով ասել.
Իր ո՞ւժն է շեշտում, կարողությո՞ւնը։
Եկեք նախապես, առհավե՜տ ու մի՛շտ
Ընդունենք կյանքի զորեղությունը,
Միայն թե երբե՛ք էլ այնպես չանի,
Որ աշխարհ գալիք նոր մի Կոմիտաս
Իր անմեղ սերը սրտում զնդանի՝
Իբրև դատվածի,
Դատապարտվածի՝
Լերդ-լերդ արյունով ծեփելով բանտի դուռն ու պատերը…
…Ո՞վ էր այդ թաքուն-մեղավոր սիրո
Ահավոր դժբախտ-երջանիկ տերը,
Վարդապե՜տ, ասա՛,
Զգա քեզ ազա՜տ.
Քեզ հիմա ո՛չ ոք չի բանադըրի,
Ո՜ղջ մի ժողովուրդ քեզ կունկընդըրի։
Վարդապե՜տ, ասա՛,
Զգա քեզ ազա՜տ.
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր։
Ինքըդ թեժ կրակ՝ մի՞թե, Վարդապե՛տ,
Բովանդակ կյանքում հար սառել ես դու
Կուսակրոնի քո սևերի տակ։
Վա՜խ, դա կլիներ ծանըր մեղանչում
Կյանքի՛ դեմ, գարնա՛ն,
Պտղաքաղությա՛ն։
Թե՞ հաղթահարել և առել ես դու
Քո սիրասարսուռ տաք թևերի տակ
Խումար-Շողեր-իդ կամ Սոնա յար-իդ՝
Իբրև կյանքի դեմ գործած մեղքերիդ
Միակ թողություն։
Ասա՛, Վարդապե՜տ,
Ո՞վ էր քո սերը,
Բախտի պես թաքուն
Քո սիրո տերը։
Չէ՛, նա չէ՛ր կարող չլինել կյանքում,
Նա պիտի՛ լիներ։ Բայց ո՞վ է եղել։
Ինչպե՞ս իմանալ, որտեղի՞ց պեղել։
Ասա՛, Վարդապե՜տ, մի՛ պահիր թաքուն.
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՜ր։
Ո՞վ էր նա, ի՞նչ էր անունը նրա.
Սոնա՞ էր արդյոք, Խումա՞ր էր, Շողե՞ր,
Ականջին ուներ սրտաձև օղե՞ր,
Խա՞լ ուներ արդյոք, ո՞ր այտի վրա։
Ուներ Տիրամոր աչքեր ու հոնքե՞ր,
Տիրամոր ունկեր,
Տիրամոր ծունկեր,
Տիրամոր հասակ,
Մազերը՝ պսակ,
Շապիկը՝ կապույտ, շորը՝ ոսկեկար, —
Դարերից եկող մի մանրանկար,
Որ կարծես և՛ կար, և՛ բնավ չկար,
Որ թեպետ ուներ
Չխամրող գույներ…
Թե՞ ոչի՜նչ չուներ, այլ ուներ լոկ քե՛զ,
Այլ ուներ լոկ քե՛զ — մի ամբո՜ղջ աշխարհ,
Եվ աղաչում էր, որ դու չլքես,
Դառնաս օրվա հա՜ց և ո՛չ թե… նշխար։
Եվ աղերսում էր՝ առանց նայելու,
Ու նվաղելով՝ տրվում թևերիդ…
Զառ վառը նրա ո՞նց էր վայելում
Վարդապետական ճնշող սևերիդ…
Եվ մի՞թե քեզնից նա չպահանջեց,
Եթե պահանջեց,
Ինչո՞ւ նահանջեց՝
Լացով ու հայցով ինչո՞ւ չտանջեց,
Ա՜խ, ինչո՞ւ անվերջ չհանեց հոգիդ,
Որ ուրիշ հագուստ նա տեսներ հագիդ,
Որ ազատվեիր սքեմից քո սև,
Որ դրսից նո՛ւյնպես լինեիր լուսեղ՝
Վանքից աշխարհի գիրկը դառնայիր,
Ամենամարդըդ նո՛ր մարդանայիր…
Հա՜յր սուրբ, ի՛նքդ ասա.
Ո՞վ էր քո սերը,
Նրբին ու տոկուն,
Բախտի պես թաքուն,
Երջանիկ-անբախտ քո սիրո տերը։
Ո՞վ էր քո շաղոտ-շողոտ Շողեր-ը,
Քո Շողակաթը-Շողիկը-Շողը,
Որ ընդունում էր սրտում իր լռիկ
Անլուր ցավերիդ այրող դողերը,
Ինչպես շանթերն է իր մեջ ընդունում
Այս տարողունակ-բարեգութ հողը։
Ո՞վ էր, որտեղի՞ց, ինչպե՞ս էր գալիս,
Յուրայիններին անվերջ խաբելով,
Տնեցոց առաջ լեզու թափելով,
Սիրտը հևիհև, կարոտից մարած,
Ահն ու երկյուղը,
Վախն ու սարսափը
Փայտփորի նման հոգու մեջ թառած, —
Ո՞րտեղ էր գալիս, որ իր ափերով
Դալուկ ճակատիդ ամպերը վանի,
Որ չար աշխարհից մի պահ քեզ հանի
Ու տանի — և ո՞ւր — թըշվառն ո՞ւր տանի…
Թշվառն ի՞նչ աներ, ի՞նչ հող տար գլխին,
Նա ինչպե՞ս դառնար քեզ համար նեցուկ
Իր թույլ ձեռքերով ու սիրով ծածուկ,
Ինչպե՞ս օգներ քեզ, ինչպե՞ս պաշտպաներ,
Երբ տգիտության հազա՜ր դեսպաններ,
Քուրմե՛ր մթության,
Անվերջ, չո՛րս կողմից, առա՜նց գթության,
Ամեն օր մի նոր առիթ հայթայթում,
Հարվածում էին, խոցում քեզ, խայթում.
Երբ քո շուրջբոլոր հին ոխն էր պայթում,
Ճայթում նոր քենը,
Ցայտում նախանձը.
Երբ քո ոսկեհատ սրսուռ ցորնի տեղ
Սերմ էին հաշվում բոված աղանձը, —
Մի անբախտ Շողեր իր սիրով ծածուկ
Էլ ինչպե՞ս օգներ, դառնար քեզ նեցուկ…
Ղողանջ վայրատման
Մտքերով տարված խորհուն քայլելիս
Դավադըրաբար ոտք էին տալիս,
Թիռ-թավագըլոր անվի ճաղերում
Քինախնդրորեն փայտ ու ձող խրում։
Բայց նա՝ Առաքյալ,
Պիտի՛ որ կյանքում
Չկարողանար երբեք ընդհատել
Իր ճանապարհը առաքելական։
Բայց նա՝ Ուսուցիչ,
Ի՜նչ էլ որ լիներ,
Պիտի՛ որ դառնար մեռած խազերի
Առաջին դպիր,
Միակ քերական,
Թաղվածը պեղեր,
Շաղվածը թեղեր,
Բերեր մեկտեղեր
Մեր խաղ ու տաղի մոտիկ-հեռական…
Նա՛,
Որ ծնվել էր ապրելու կյանքով մի ընկերական,
Ուրախանալու միայն ազգովին,
Տրտմելու դարձյա՛լ ամբողջ համայնքով, —
Հիմա ստիպված ապրում էր մենակ՝
Մենավո՛ր ծառի խշշոցով տխուր,
Մենավոր ծառի ամբո՜ղջ հմայքով։
Միայնա՜կ մի ծառ,
Պտղատո՛ւ,
Հսկա՛,
Որին առիթով և կամ անպատճառ
Անվերջ փայտլեխում ու քարում էին,
Պտղի պտկումին խանգարում էին
Մե՛կ օր, տասնըմե՛կ,
Բայց… քանի՞ տարի,
Եվ մի՞թե ցմահ…
Եվ ինչպես կոպը վտանգի դեպքում
Աչքերն է ծածկում բնազդով բարի,
Այդպես, Վարդապե՛տ, այդպես էլ հիմա,
Կտրելով իրենց խորդուբորդ ուղին,
Ոտներդ են ահա տալիս զարտուղի՝
Էջմիածնից քեզ հեռացընում,
Տանում և մի օր… Պոլիս հասցընում։
Ղողանջ պոլսական
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Նախ՝ հունական մի հետերա,
Ապա՝ տիկին Բյուզանդիոնի,
Այնուհետև՝ տաճկած խանում, —
Իսկ իմ նախնին՝ կռվից դարձող
Կնակարոտ մի վետերան,
Որ լեռնակույտ տենչանքի հետ
Մշտախայտանք ծով խանդ ունի,
Եվ ինքն իրեն շվայտելով,
Ցոփ վատնելով
Ու հատնելով՝
Արդեն քանի՜ և քանի՜ դար
Քեզնից բնավ չի կշտանում…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Դու՝ հետերա-տիկին-խանում,
Դու՝ պչրուհի մի կախարդիչ,
Արմավալանջ, նոճեթարթիչ,
Մարմարայի պարեգոտով,
Բոսֆորական կապույտ գոտով,
Մահիկահոնք, արևաչյա, —
Մի ըզգլխիչ սիրավաճառ՝
Դեմքով բարի, իսկ սիրտը չար,
Որ հնազանդ մեր ընտանուց մեզ սառեցնում,
Իր մատներին՝ ուզածի պես՝ մեզ պարեցնում,
Շղթայում էր ոչինչ չարժող մի ժպիտով,
Մի ժպիտով,
Որ շատ շուտով
Պիտի բաշխեր ուրի՜շ մեկին, —
Շա՛տ հասկացող,
Քի՛չ զգացող՝
Անսե՜ր, անկի՜րք — լոկ շահադե՛տ,
Լոկ հաշվարա՛ր — խելո՜ք մի կին,
Որ ո՛չ կարգին մոտն էր տանում,
Ո՛չ էլ գոնե կարգին վանում,
Եվ… մեզանից ամենամեծ հաջողակին,
Որ կարող էր Բյուզանդիոնում դառնալ կեսար,
Դարձընում էր շա՜տ-շա՜տ… միայն խեղճ տնփեսա…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Հազարավոր հայ պապերիս
Նախ՝ բորբոքել շինծու խանդով,
Հետո՝ փորձված հոմանու պես
Տրված նրանց խենթ ափերին
Ու հրայրքի տենդ-տապերին՝
Հյութերն ամեն և արյունը,
Քրտինքը ծով և ավյունը
Քամել ես դու քո արգանդով,
Իսկ երբ նրանք հենց ժառանգից են խոսք բացել,
Դո՛ւ, որ գիտես կատվի նման ցնկնել դյուրին,
Փոխարկվել ես իսկույն ջորու՝
Չորացել ես ու ամլացել…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Քանի՜ անփուտ ու սերտ կորիզ
Քո հողերում մենք ենք թաղել,
Մինչդեռ պտուղն ո՞վ է քաղել։
Քանի՜-քանի՜ հայ սերունդներ
Ցանել են սերմ, ցրել հունդեր
Ու հասցըրել բերք ու բարիք.
Ողջն՝ ուրիշի՜ն, իսկ մեզ՝ կարի՛ք…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Շքեղ ու ճոխ, չքնաղ ու պերճ,
Արծաթակուռ ու ոսկերիզ։
Շուք ենք տվել քեզ դարերով՝
Մեր սրբատաշ սուրբ քարերով,
Մեր անասեղ նուրբ կարերով,
Մեր աչքերի փայլ ու ցոլքով,
Մեր մատների ծով շնորհքով,
Չճարվելիք-չեղած ճարով, —
Մեր քանքարով ու հանճարով
Պճնել ենք քեզ,
Զուգե՜լ-զուգե՜լ
Եվ ամեն ինչ այլոց ձգել…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Մետաղաթել դու մի հանգույց՝
Մեր պատմության պարանոցին
Բախտի ձեռքով պնդված մանկուց.
Դու՝ անջինջ գիր օրհասական,
Մենք՝ մի ճակատ խեղճ ու դալուկ.
Դու՝ նոր սֆինքս փոքրասիական,
Դու՝ դարավոր մի հանելուկ,
Մենք՝ դարավոր մի առեղծված.
Դու՝ էն գլխից սրբապղծված,
Եղծվա՛ծ,
Կեղծվա՛ծ
Մի չար տաճար,
Իսկ մենք՝ դարձյալ հավատացյալ…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Դու՝ դիվասիրտ-հրեշտակադեմ,
Ներսից՝ գեհեն,
Դրսից՝ եդեմ,
Կերտված ձեռքով մարդակերպար սատանայի…
…Նոր էր պըրծել հայ ջարդը նոր՝
Ադանայի,
Ու 30 000 հոգի հող էր մտել,
Բայց չէր փտել.
Ելդըզ քյոշքի տերն արնախում ու սևանուն
Սալոնիկում իր ձեռքերն էր դեռ լվանում՝
Գահը զիջած զավակներին իր արժանի,
Որ նորաձև եվրոպական տարազի տակ
Առժամանակ ծածկում էին ճանկ ու ժանիք.
Գրավաճառ խանութների ցուցափեղկում
Բուրում էին դեռ հեթանոս արբշիռ բույրեր՝
Կախարդ ձեռքով ամենազոր Վարուժանի
Խառնըվելով Գողգոթայի ծաղիկների հոտին անթով.
Դեռ հրահան իր մատներով Սիամանթոն
Շանթագըրել էր կամենում Կարմիր լուրեր,
Ու Թեքեյանն էր հղանում մի Հարություն հրաշալի, —
Երբ Կոմիտասն այստեղ եկավ՝
Բո՞ւյն գտնելու,
Թե՞… արթմնի քուն մտնելու…
Այդ գիշերը, ա՜խ, թող ձգվեր, երկարանար,
Այդ գիշերը թող քարանա՛ր,
Որ չբացվեր բախտորոշիչ օրն այն դժնի,
Ու քեզ հաներ
Պոլիս տաներ…
Ղողանջ նվաճման
Թզուկ ծառերը հեշտ են չորանում
Տաք ու պաղ քամուց,
Քերծվածքից անգամ,
Ճղակոտրումից։
Վիթխարի մայրին կրկին նորանում,
Շիտակվում է շուտ՝
Մինչևիսկ անգութ ճղակտրումից.
Խորունկ նոր վերքին գտնում է նոր ճար՝
Ապաքինվելով բուժիչ այն խեժով,
Որ ուրիշ դեպքում կոչվում է… հանճար։
Եվ ահա նորից նրա թարմ վերքի
Բերանն է գոցվում,
Ու բացվում նրա բերանփակ հոգին,
Ու բացվում այնպե՛ս,
Որ բնաշխարհի զովի ու շոգի
Հարություն տվող շունչն է զգացվում
Պոլսո թաղերում հայրենապապակ։
Բացվում է նրա հոգին բերանփակ
Ադրիականի ու Մարմարայի հեռու ափերին,
Եվ ինքնամոռաց-ցնծուն ծափերի
Որոտից մի պահ
Ծովերն իսկ հպարտ
Ուռչում են թեպետ, զարկվում ափերին.
Բայց… մի այնպիսի՛ հարվածով զգույշ,
Բայց այնպե՛ս անձայն, համրացած այնպե՛ս,
Ինչպես… նկարին Այվազովսկու…
Մի հայ վարդապետ՝
Ո՛չ միայն անզեն,
Մինչևիսկ առանց խաչ ու արծաթի,
Եկել էր՝ նորից Պոլիսն առնելու,
Եվ անառ Պոլիսն իսկապես առավ,
Բայց ոչ թե իբրև գյոռբագյոռ Ֆաթիհն՝
Ահեղ հորդայի սանձը ձեռներում,
Զենքով ու զորքով,
Բարբարոս ձեռքով
Կրակի մատնած հյուսիս ու հարավ։
Նա անառ Պոլիսն իսկապես առավ,
Վերագրավեց, միայն թե… երգո՜վ։
Մի երգչախմբով ամենասասան,
Որ նա՝ գողթնեցուց սերված երգասան,
Խորին խորհրդով կոչել էր Գուսան.
Մի երգչախմբով, ուր ձուլվել էին
Շուրջ երեք հարյուր պարման ու կուսան.
Մի խումբ վիթխարի՝
Մասյաց մայիսյան եղեգնուտի պես
Բազմասոսափուն,
Վանա լճի պես ծփան ու ծափուն,
Արաքսից առույգ, Եփրատից հոսան,
Բայց Արագածից շեշտված ու հավաք, —
Շուրջ 300
Հնազանդ, խոնարհ ու հլու զավակ,
Հնազանդ, խոնարհ ու հլու մեկի՛ն,
Որ դաժան կյանքի ահեղ տաժանքով
Իր հայր դառնալու իրավունքն անգին
Փոխել էր դրա լոկ երազանքով,
Եվ հիմա…
Հանկարծ շուրջ 300 սիրելի զավակ՝
Հո՛ր շնչով շնչող,
Հո՛ր ձայնով հնչող.
Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արյո՛ւն։
Շուրջ 300՜…
Իսկ ինչո՞ւ երեք։
Հա՛յր սուրբ, վե՜ց էր պետք,
Այո՜, Վարդապե՛տ,
Պետք էր 600՜,
Որ… մեր վեցդարյա ահեղ որբության ամե՛ն մի տարուց
Վեց հարյուր տարի անվերջ շամփուրված,
Փայփայանքից զուրկ ու չհամբուրված
Մեր ժողովրդի մրմուռից գոչեր
Ամե՛ն տարվա դեմ մի՛ անմեղ բերան,
Եվ… ա՛յն քաղաքում, որ շեները մեր
Իր լեզվով ասած՝ դարձըրեց վերան՝
Ջարդելով սյուներ, ձեղուն ու գերան.
Եվ… ա՛յն քաղաքում, որ վեց դար արբեց
Մեր գինով, արյամբ և արտասուքով,
Մեր հագուստի հետ, մեր մաշկն էլ գռփեց,
Պղծեց ա՛յն, ինչ որ մենք էինք պաշտում՝
Մեր սուրբ սուփրայով կոշիկը սրբեց,
Ոտքերը լվաց մեր հացի տաշտում…
Շուրջ 300՜ պարման ու կուսան՝
Մի համահավաք-բազմամի Գուսան,
Որ առանց մի պուտ արյուն թափելու
Եվ առանց դավի, առանց խաբելու,
Մի դաշնամուրով ու սրինգ փողով,
Վեց հարյուր շուրթով ու ձեռքով մի զույգ,
Թե հարուցելով լաց ու արտասուք՝
Ապա հուզելով, ո՛չ ահ ու դողով,
Թե հարուցելով կանչ ու աղաղակ՝
Ապա ցնծությամբ, ո՛չ թե երկյուղով, —
Առա՛վ-նվաճե՛ց-գերե՛ց մի քաղաք,
Որ մի քաղա՜ք չէր, ոչ էլ տերություն,
Այլ միանգամից երկու մայրցամաք՝
Մի երկկողմանի յանոսյան դիմակ -
Կիսով ասիական ու եվրոպական
Մեկին՝ միջնաբերդ,
Իսկ մյուսին՝ մատույց,
Այստեղ՝ ապական,
Իսկ այնտեղ՝ այտույց…
Եվ նա՛, որ երեկ տիրեց Եվրոպան
Ու հիմա դարձել Ասիան էր գերում,
Նա՛, որ ընկել էր մի հուռթի խոպան
Եվ իր քրտինքով ջրած հերկերում
Ե՛վ խոփ էր ինքը, և՛ լուծ, և՛ ճոպան,
Սերմնացան այնպես՝ ինչպես որ տափան, —
Հիմա թերևըս նա զուր էր ուզում
Պոլսում բաց անել երաժշտանոց.
Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թեպետ,
Հազարի նման մի հայ վարդապետ,
Մի մարդ էր,
Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորյա,
Մի մարդ էր,
Սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝
Երգիչ, նվագող,
Խաղեր հավաքող,
Որքան խմբավար՝
Նույնքան ուսուցիչ,
Որքան հնագետ՝
Մեռած խաղերի գաղտնիքը լուծող,
Նույնքան պատմաբան՝
Դարավոր երգի մայրուղին գծող։
Եվ մի երգահան, և մի տաղաստեղծ,
Որի քրտինքի ամեն մի կաթիլ
Դառնում էր նոր երգ ու նոր եղանակ.
Ե՛վ աստվածային մեր Պատարագի մի նոր հեղինակ,
Ե՛վ զավեշտական օպերետայի ուրախ խաղաստեղծ, —
Մի մարդ,
Որ սակայն կարծես թե մարդ էր բազմահատորյա
Մի մարդ,
Որ սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա…
Եվ ահա նրա կախարդ ձեռքի տակ
Ծերուկ խազերը դառնում են կարծես անլեզու մանուկ,
Որ կամաց-կամաց իր թոթովախոս լեզուն է բանում.
Թո՛ղ որ դեռևըս ինչ-որ տեղերում թլիկ է տալիս,
Բայց կանցնի և՛ս մեկ-երկու տարի, —
Էլ հա՜մրը որտեղ, էլ ի՜նչ փակբերան…
Մարմին է դառնում Անուշ օպերան,
Որ էլ հարց չտա հեգնող Ֆիգարոն,
Թե ո՞ւր են հապա Մոսին ու Սարոն…
Մարմին է առնում Անուշ օպերան.
Եվ ժողովրդի
Ընդերքից հուռթի
Միևնույն տարում լույս աշխարհ եկած
Նույն ժողովրդի
Կարեվեր սրտի
Հոգսերից, ցավից, հույսերից երգած,
Նույն հողը հերկած
Սերմնացան երկու
Մեկտեղ են բերում բերքը պանծալի՝
Սիրով գումարում հանճար հանճարի…
Մինչ ինքը այստեղ՝
Արդյոք Բերայի Բանկալթի թաղո՞ւմ,
Արդյոք Իշխանաց կղզո՞ւմ ման գալիս,
Թե՞ քաղաքամերձ չքնաղ Հայգյուղում, —
Մինչ ինքը այստեղ՝
Իր միտքը լողում,
Թողնում է Բերա — Բանկալթի — Պոլիս
Ու հասնում նորից
Ո՞ւր… Էջմիածի՛ն։
Ա՜խ, նրանք այնտեղ հաճախ, շա՜տ հաճախ
Խուց էին մտնում լոկ լուսաբացին,
Իսկ ամբողջ գիշե՜ր…
Եվ ամբողջ գիշեր
Ծերուկ մոկացին…
Ինչպե՞ս չհիշել
Որքան էլ թվա անցած ու հեռու։
Նա ճեմարանի պահակն էր ծերուկ՝
Անտուն ու անտեղ այդ Նախո քեռին։
Նրա մացառփուշ խառնակ հոնքերի
Տեղ-տեղ փլուզված կամարի վրա
Դարսդարսված էին կնճիռներ մռայլ՝
Ամեն մեկն ասես կամարին վայել
Մի-մի ձեղնափայտ, փոքր ու մեծ գերան,
Ու թե ծռմռված վերից ու տակից,
Ապա ճակատի պաղից ու տաքից։
Եվ ամեն անգամ, երբ Նախո քեռին
Իր իսկ մտքերի քամուց սարսվելով՝
Կամարն էր ցնցում քանդված հոնքերի,
Գերաններն անվերջ վեր ու վար թռչում,
Հա՜ ճոճվում էին, բայց չէին փլչում…
Թաղել էր քեռին՝ ինչ ուներ կյանքում,
Թողել հայրենի Սասուն — Մոկս — Շատախ,
Եվ հիմա՝ զրկված տեղից ու տնից,
Մենակ, չորգլուխ՝ պահակ էր վանքում։
Եվ ամեն գիշեր սոսինձ սաների
Կպչուն խնդրանքով և աղաչանքով
Խեղճ Նախո քեռին կամա-ակամա
Դառնում էր կրկին Սասուն — Մոկս — Շատախ՝
Միշտ սկսելով.
-Է՜հ, լաո՛, մատա՜ղ…
Ու նույն աննվազ խոր հառաչանքով
Ամեն օր պատմում Սասնա մի ծռից,
Քուռկիկ Ջալալուց, Կեծակե թրից,
Ագռավաքարից
Ու Ծովասարից։
Դիցաբանելով վիպում էր քեռին,
Բայց և վիպածին խորունկ հավատում՝
Ապրում նրանց հետ, նրանց պես դատում,
Նրանց աչքերով սիրում ու ատում։
Վիպում էր քեռին ու երգում տեղ-տեղ.
-Դառնամ զողորմին…
Ազգին ու տոհմին…
Ու նորից վիպում ու երգում հերթով
Իր ծերունական խզված կոկորդով.
-Էնոր լե ծծե՜ր՝ լուսնակ էր ջուխտակ
Մեզի լույս տալու…
Էնոր լե ճակա՜տ՝ մեյդան էր, լաո՛,
Քուռկիկ Ջալալու…
Եվ Նախո քեռու միամիտ մտքով
Ինչպե՞ս անցկենար,
Թե ինչքան գնար՝
Այնքան ավելի հաճախ կհիշեր
Այն խելոք սանից, որ հետո թեպետ
Հագավ սև սքեմ, դարձավ վարդապետ,
Բայց ուշք ու միտքը տվեց երգերի։
Նախոյի մտքով ինչպե՞ս անցկենար,
Թե միշտ հիշվելիս՝ ինքը խեղճ քեռին
Կկանգներ կողքին ինչ-որ… Վագների։
Այո՛, Վարդապետ, վիզը ծռելով՝
Այդ խեղճ ու կրակ անգրագետ քեռին
Կողքից էր նայում գոռոզ Վագներին
Եվ պահանջո՞ւմ էր,
Թե՞ աղաչում էր,
Որ դու քո զորեղ Սասնա ծռեր-ով
Խրատես նրա Նիբելունգներ-ին.
Ձեռքի դեմ՝ բազուկ,
Շուրթի դեմ՝ բերան,
Օպերայի դեմ՝
Քո նոր օպերան…
Քո ժողովուրդը՝ արյան ծովերում,
Նորոգվող վերքի անլուր ցավերում,
Իսկ նրա որդիք՝ պատմության մուժից
Գոռ գոչում էին իրենց հաղթ ուժից,
Կենաց ու մահու պայքարից արդար։
Այստեղ էր ահա, որ Դավթի կողքին
Գալիս էր կանգնում մի Կարմիր Վարդան
Ու հանում էր քեզ Պոլսո Բերայից,
Դեպի Ավարայր ու Տղմուտ կանչում, —
Եվ քո ականջում
Խմբերգն էր հնչում
Այն հերոսական նոր օպերայից,
Որ այս անգամ էլ կոչվում էր Վարդան…
Ղողանջ մրցավարտի
Եվ մեկ անգամ հաղթարշավով
Արդեն անցած կես-Եվրոպան,
Այնուհետև նվաճելով սիրտն Ասիայի,
Խլացնելով նեյնիմական ու սազային
Երգացավի ծանըր նոպան՝
Հիմա նորից հրավիրվեց նա Եվրոպա.
Կանչվեց Բեռլին, հետո՝ Փարիզ։
Ականավոր երաժիշտներ ողջ աշխարհից՝
Չմահավա՛ն, բարձրաճաշա՛կ, անմիաբա՛ն.
Միջազգային Ընկերության Համաժողո՜վ։
Եվ սյունազարդ սրահներում լուսաողող
Յուրաքանչյուր ժողովրդի երգ ու խաղից՝
Զեկուցումներ,
Յուրաքանչյուր ժողովրդի պար ու տաղից՝
Երգ-ցուցումներ։
Իսկ բովանդակ ու բազմազգի Արևելքից՝
Մե՛կը միայն…
Ուրիշները, սրտի դողով,
Զեկուցման հետ բեմ են հանում
Նվագախո՛ւմբ, պարե՛կ, երգի՛չ։
Իսկ սա՜… ինքը մեկնաբանում,
Ինքն էլ ձեռքը ծոցն է տանում,
Ծոցն է տանում
Ու… դուրս հանում
Օրկեստրի տեղ միայն մի… պարզ ծիրանի փող
Եվ, փոխանակ մենակատար անհատների,
Ինքն է հանձնում իր շուրթերին ու մատներին,
Ու… մի փոքրիկ, փայտե մի փող
Մերթ հնչում է օրկեստրային ամբողջ թափով,
Մերթ՝ դայլայլում ու գեղգեղում,
Մերթ ժայթքում է ու մերթ զեղում,
Մերթ կուտակում ու բարդում է,
Մերթ՝ խենթ հոսքը մատով նեղում,
Ուզածի պես հունից շեղում
Ու վերջում էլ ավարտում է
Ինքը՝ ինչ որ հանգույց կապով,
Իսկ դահլիճը՝ ընդոստ ծափով։
Հետո՝ փողը ծոցն է տանում
Ու վերստին մեկնաբանում,
Եվ մի վայրկյան տալով դադար,
Նորից դառնում մենակատար՝
Ինքն է երգում սրտի ձայնով…
Ա՜խ, Վարդապե՛տ, նորից այնօր
Մտքերից՝ մեգ, աչքերից մուժ դու ցրեցիր,
Աշխարհում մեզ դու պարզերես դարձըրեցիր,
Իսկ ինքըդ քեզ՝
Կրկի՛ն հաղթող մենամարտիկ,
Որ ծափերի տարափի տակ
Ցած է իջնում բեմից մարտի,
Ցած է իջնում,
Որպեսզի նո՛ւյն այդ ձեռքերով,
Իբրև հերոս -
Դեռ կենդանի՜-
Վեր բարձրանա… պատվանդանի…
Ծանոթագրություններ
- 1 մանուկ — խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է
- 2 Անատոլու — Անատոլիա կամ Փոքր Ասիա, թերակղզի Ասիայի արևմուտքում, աշխարհագրական և պատմական տարածաշրջան, որը զբաղեցնում է Թուրքիայի տարածքի մեծ մասը՝ ներառյալ Հայակական լեռնաշխարհը։ Կոմիտասի ծննդավայրը Քյութահյա/Կուտինա քաղաքն է Անատոլիայի արևմտյան հատվածում։
- 3 մանուկ — Սևակը նկատի ունի Կոմիտասին
- 4 արխալուղ — տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող, ներքուստ աստառված հագուստ
- 5 ասուպ — վայր ընկնող աստղ, երկնային պինդ մարմին, որ միջմոլորակային տարածություններից հսկայական արագությամբ երկրի մթնոլորտն ընկնելով շիկանում ու պայծառ լույս է արձակում
Թեմաներ