Անցնել բովանդակությանը

Անլռելի զանգակատուն

Պոեմ · 1959 · 6 մաս

Մաս 3 / 6

Միջօրեի Համազանգ

Գլուխ 1 / 5

Ղողանջ ուխտագնացության

Աշունն էլի զբաղվում է ներկարարի իր փեշակով. Նա օրն ի բուն աշխատում է, Իսկ գյուղացին՝ հանգստանում, Երբ աղունը տուն է գալիս Ծանր սայլով կամ իշուկով, Երբ աղվում է թթու-թուրշին, Նորոգվում է ճոճկան քուրսին, Ու չորացած ցան-փթիրը ամրոցի տեսք է ստանում։          Ամբողջ ամառ          Ջրի համար Հոգի տվող հողը հիմա Ծծողական թղթի նման Կլանում է եղյամ ու թոն Ու մեկ քրտնում, մեկ մրսում է։ Փխրուն գետինն աշնան ցրտի պա՜րզ գաղտնիքով Նորից իրեն, մումիայի պես, զմռսում է։ Ընկուզենին ու խնձորին Իրենց խաշամն են ծալծլում հանդ ու ձորին՝ Նորահարսի փոթ-փոթ շորի Ալիքավոր դարսի նման։ Լոկ փշատն է կարմրատակված կախվել ճութ-ճութ՝ Մեղվի գնդված պարսի նման։ Վերի-վերի, պարապ-սարապ ջահելի պես՝ Չի կարենում քամին մի տեղ տիտիկ անել. Դես է վազում — դեն է թռնում, Մերթ ուզում է ծերպի խորքը մտիկ անել, Մերթ ծառի հետ կոխ է բռնում, Քիթը կոխում ուր պատահի՝          Սափորի մեջ, Հարս ու կանանց խորհրդավոր փեշերի տակ։ Լեռնաշխարհում աղբյուր-վտակ Իրենց սնդիկ մարմնի վրա նորից հագնում են ապակի, Մինչ տներում՝ ներսի տաքից՝ Ապակիներն ուրախությամբ լաց են լինում աննպատակ։ Ղավուրման է ամեն թոնրի Աղ ներծծում ու ճարպ հալում։ Ամեն կողմից կանչում խաշի, Հարիսա են անվերջ հարում։          Այստեղ՝ ծնունդ,          Այնտեղ՝ կնունք, Աչքալույսի ժպտուն օղի։ Ամեն մատուռ՝ հավաքավայր, Եվ ամեն վանք՝ ուխտատեղի։ Ու վանք տանող ամեն ճամփա ու սայլուղի Նախշըվում են տեսակ-տեսակ ոտնահետքով. Տրեխավոր, մաշիկավոր, բոբիկ ոտքով          Վանք են գնում Հեռու-մոտիկ ամեն գյուղից։ Տան առաջնեկ գառը՝ կապված էշի վզից, Առաջ վազում, կախ է ընկնում, շուրջը նայում, Ու տանջվում է այն հարկադիր ու կեղծ հազից, Որ անկասկած պիտի հնչեր իբրև մայուն… Այնինչ ջորու մեջքին կապված Զնգզնգացող սև կաթսայից՝ Ինչպես ասպետն իր զրահից՝          Մի զառ խորոզ,          Գոռո՜զ-գոռո՜զ, Իր կատարն է մեկ դուրս հանում,          Մեկ՝ ներս տանում, Եվ թափ տալով իր թևերը հրանման՝ Չհրկիզող կայծերի խուրձ Ու բոցեր է ցրում իր շուրջ։ Եվ սայլերն են առաջ սողում՝ Լծից պոչուկ բեռնավորված Աղմըկարար ճիժ ու պիժով, Աման-չաման-կուլա-կժով, Աչքերն ածուխ աղջիկների անծուխ բոցով, Նորածընի օրորոցով։ Ու դալարուկ ճիպոտն ահա Իր ազդեցիկ սուլ սուլոցով Մինչև եզան մեջքը դաղի՝ Նախ երկնքի կապույտ երեսն է կտրատում՝ Երկրից ճայթած կայծակի պես։          Ոմանք՝ ուրախ,          Ոմանք՝ տրտում, Սա՝ տխրադեմ-որբ ձագի պես, Նա՝ ժպտերես ու բախտավոր,          Սա՝ կարմրաթուշ,          Նա՝ ախտավոր, Եվ բոլորը՝ ուխտը սրտում -          Թը՛փ հա թրը՜փ,          Զը՛նգ հա զրը՜նգ,          Ճը՛ռ հա ճռի՜նչ -          Հասնում են վանք՝                   Ուխտատեղի։ Եվ մոմերի ու կանթեղի Բուրումնալից բոցն է ճթթում, Ծաղկի նման փունջ-փունջ փթթում, Ծաղկի նման վառ ու դեղին։ «Տե՜ր» են կանչում մի-մի բերան, Մի-մի ծունըր աղոթք անում, Մատղացուի ոտ ու վզից Արձակում են կապ ու պարան, Եվ գավիթի սալարկը պաղ Զոհի արյամբ է տաքանում… Եվ հնչում է դհոլ-զուռնան, Որ վանքերը հնամենի, Մատուռները մեկեն դառնան Խրախճանքի արբշիռ ու ցոփ հրապարակ։

Ծանոթագրություններ

  1. 1 մանուկ — խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է
  2. 2 Անատոլու — Անատոլիա կամ Փոքր Ասիա, թերակղզի Ասիայի արևմուտքում, աշխարհագրական և պատմական տարածաշրջան, որը զբաղեցնում է Թուրքիայի տարածքի մեծ մասը՝ ներառյալ Հայակական լեռնաշխարհը։ Կոմիտասի ծննդավայրը Քյութահյա/Կուտինա քաղաքն է Անատոլիայի արևմտյան հատվածում։
  3. 3 մանուկ — Սևակը նկատի ունի Կոմիտասին
  4. 4 արխալուղ — տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող, ներքուստ աստառված հագուստ
  5. 5 ասուպ — վայր ընկնող աստղ, երկնային պինդ մարմին, որ միջմոլորակային տարածություններից հսկայական արագությամբ երկրի մթնոլորտն ընկնելով շիկանում ու պայծառ լույս է արձակում

Ստեղծագործության մասին

Ժանր Պոեմ
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 6587