Անցնել բովանդակությանը

«Երբ գիշերային...»

1892

Երբ գիշերային Մութ հորիզոնից Արև կամ լուսին Երևում են ինձ, Իմ տխուր հոգում Ծագում է ոսկի Ճաճանչը հուսո Հարատև կյանքի, Եվ մտածում եմ.— Աշխարքը դեռ կա, Դեռ օր կըտեսնեմ… Եվ նշանն ահա։ Հրճվում է հոգիս, Երգում եմ զվարթ, Եվ ժպտում են ինձ Թե՛ աստված, թե՛ մարդ։ ———— Աստծո տաճարում Մոմը սեղանից Խնկաբույր ծխում, Վառվում է հանգիստ. Իմ մռայլ հոգում Առաքինության, Ճշմարիտ կյանքի Հավիտենական Լույսը ցոլանում, Վառվում է նույնպես. Սրտով մեղմանում, Աղոթում եմ ես։ ———— Կուսի աչքերին Նայում եմ ագահ. Թնդում է հոգիս, Դողում ակամա, Եվ կենդանության Ախտերը եռուն, Ախորժ այրվում են Իմ երակներում. Սիրտս անհանգիստ Պայթում է կարծես, Զգում եմ ցավ, վիշտ… Եվ տանջվում եմ ես. Բայց այն տանջանքը Քաղցր է ինձ համար, Քան երկար կյանքը, Աղոթք փրկարար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 46