Անցնել բովանդակությանը

Տենչ

1892

Մեկն էլ այն է հոգուս անթիվ տենչերի, Որ իմ աչքով տեսնեմ հույզը ջըրերի,— Ալեկոծվող օվկիանոսի մի տագնապ. Ահեղագոչ ալիքները լեռնաչափ Բարձրանային իրար վրա անդադար Եվ մըրրիկը նրանց վրա սաստկանար… Եվ դիտեի ժայռի գլխին ես կանգնած, Երբ հողմակոծ կոհակները մոլեգնած Մինչև երկինք փրփուր ու ջուր ցայտեին Եվ, ոռնալով, բարձր ափերին զարկեին, Եվ, խորտակված, օրհասական հեծծանքով Հեռանային խաղաղացած հորձանքով, Եվ, խլաձայն մռնչալով, նորից նոր Բարձրանային աղջամղջում հեռավոր. Նոր հարձակմունք, անհաշտ կռիվ զայրագնած… Եվ նայեի ժայռի գլխին ես կանգնած։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16