Անցնել բովանդակությանը

«Շուռ է գալիս ծանըր քարը...»

1915

Շուռ է գալիս ծանր քարը Մեր մոր կրծքից տենչավառ, Վեր է կենում մեր աշխարհը Ավերներից անհամար… — Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս, Միահամուռ, միաբան, Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ, Քարը մոտ է գլորման։ Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր Մեծ հիացման արժանի, Էսքան դարեր նա քարի տակ Դեռ շընչում է կենդանի. Ու աչքերը, թեև լացոտ, Լիքն են կյանքով ու հույսով, Ու հույսերը, համակ ազնիվ, Լիքը բարով ու լուսով… — Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս, Միահամուռ, միաբան.. Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ, Քարը մոտ է գլորման։ Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն Ծիրանի է իր հագին Ու ցոլում է իր ճիգերեն Ազնվական իր հոգին… Ամեն շարժում դեպի կյանքն է, Ամեն ձգտում՝ դեպի վեր, Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են Ընտիր ազգերն ու ցեղեր… — Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս, Միահամուռ, միաբան, Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ, Քարը մոտ է գլորման։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32