Անցնել բովանդակությանը

Դեռ հավատա

Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ, Ինչքան էլ որ խոր մոլորվես, Երկրպագես կուռքերին սուտ, Ես մոր նման ներում եմ քեզ։ Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ, Դու՝ իմաստուն Սասնա Մհեր, Թեկուզ եվ ծեր ու ալեհեր, Բայց մնում ես դու միամիտ։ Հավատացիր, թե հիրավի Գարին դարձավ ընկուզաչափ, Ու դուրս եկար քարանձաւվից Ու խաբվեցիր դու չարաչար։ Այնքան դառն է կյանքդ ու գորշ, Ու գալիքդ իրականում, Որ փակում ես աչքդ ու քո Խաբկանքին ես ապավինում։ Ու տեսնում ես ամեն ի՛նչ վառ, Թև ես առնում չեղած տեղից, Նորոգվում ես բնազդաբար Ու հառնում ես մոխիրներից։ Քո խաբվելն է քեզ պահպանում, Ու հին խոսքդ՝ «Աստված կտա». Դու՝ միֆերով ապրող մանուկ, Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜…

Ստեղծագործության մասին

Սիլվա Կապուտիկյանի «Դեռ հավատա» բանաստեղծությունը հայոց պատմության և ժողովուրդի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 24