Անցնել բովանդակությանը

Մեզ սիրում են, մեզ հարգում են

1853

Մեզ սիրում են, մեզ հարգում են, Խելոք, բարի մեզ ասում են՝ Երբ փող ունինք, բայց ատում են Թե փող չունինք. խիստ ատում են։ Մեզ մատնում է փողի համար Մեր սիրելին՝ նույն և եղբայր. Ուրանում է մեզ նա իսպառ, Թե փող չունենք, ա՜խ հոգի չար։ Թե փող ունինք՝ միշտ փարվելով Անցկացնում ենք օրն խնդալով, Թռչըտում ենք երգով, պարով. Թե փող չունինք՝ մընաս բարով։ Նա գընում է, հեռանում է, Նոր ըզբոսանք որոնում է, Թե կուշտ սեղան հոտոտում է, Անխղճմտանք մեզ թողնում է։ Նրա գլխեն այն ժամանակ Ցրվեց կորավ քու հիշատակ՝ Թեկուզ բարի, թե որ դարտակ Տեսավ քիսատ. ա՜յ անառակ։ Ո՜վ անառակ Քերոբ եղբայր, Պայծառ օրս արիր խավար, Երբոր ինձնից այսօր փախար, Խեղճիս թողիր անմխիթար։ Ա՜խ, խղճացեք վրաս ամպեր, Փայլփըլեցեք փայլատակներ, Երկնից բացվեն թող սահանքներ, Օրը դառնա մըթին գիշեր, Անձրև թող գա հորդահոսան, Դաչի մարդիկ տանը մընան, Եվ կամ թրջած հավի նման՝ Խայտառակած քաղաք դառնան։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Մեզ սիրում են, մեզ հարգում են» բանաստեղծությունը (1853) ագահության և բարեկամության մասին։

Փողի և բարեկամության մասին. մեզ սիրում են, խելոք ու բարի են ասում, քանի դեռ փող ունենք, իսկ դատարկ քսակ տեսնելիս եղբայրն էլ է ուրանում։ Կիսով չափ կատակ, կիսով չափ անեծք՝ ուղղված մի կոնկրետ Քերոբի, որ լավ օրը մթնեցրեց ու փախավ։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ բաժանված 8 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1853 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32