Ցմահ բանտարկյալ
«Գիրք մնացորդաց» ժողովածու
Հորիզոնական-միջօրեական սեղմ օղակներում
(Նայեցե՛ք մի պահ այս գըլոբուսին)
Խեղճ Երկրագունդն է կապվել-կապանքվել։
Եվ չկա ո՛չ մի պետքական կացին, ուրագ կամ սղոց։
Ու երբ պարապ եմ
(Այսինքըն՝ երբ ինքըս ինձ հետ եմ,
Այսինքըն՝ երբ ես եմ իսկական),
Ատամներով եմ շարունակ կրծում
Ցմահ բանտարկված այս երկրագնդի
Ցանցը երկաթե՝
Ապավինելով ծով բարությանն իմ՝
Եվ բարությունից շատ ավելի մեծ համբերությանը։
Բայց ես ո՛չ մի կերպ,
Ո՛չ մի հրաշքով
Չե՜մ կարող ապրել Աստվածաշնչի հերոսների չափ,
Ո՛չ 300, ո՛չ 100 տարի։
Ուրեմըն դուք էլ, որ մարդ եք կոչվում,
Դո՜ւք էլ օգնեցեք ձե՛ր ատամներով,
Թերևս ազատենք
Ցմահ վանդակված այս խեղճ-անճարին…
Չանախչի, 10. XI. 65
Թեմաներ