Անցնել բովանդակությանը

Այն առուն, որ ձեր բակով է հոսում

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

Այն առուն, որ ձեր բակով է հոսում, Անցնում է անվերջ մեր պատի տակով, Ողջ օրն աղմըկում, ուրախ վազվըզում, Տանջում է նրան լուրջ ու կատակով. Մերթ հրում է նա, մերթ՝ խտուտ բերում Ինձ նման հլու-հնազանդ պատին։ Պատը սիրում է, ուստի և՝ ներում Այդ չարաճճի խաղերը անթիվ։ Ձեր առուն շատ է երբ երես առնում, Իրեն մոռացած՝ պատն էլ, ինձ նման, Ստվերով զգո՜ւյշ ցած է կռանում, Ուզում է գրկել-համբուրել նրան։ Փախչելիս, դիտմամբ, առուն սայթաքում, Ընկնում է հանկարծ գիրկը մեր պատի։ Ստվերը պատի իջնում է թաքուն, Բայց առուն շտապ ելնում է ոտի։ Շիկնանքը պահած իր պաղ հատակում՝ Մի պահ վարանքով նայում է առուն Եվ ալիքներով… շրը՜խկ,- ապտակում, Քրքըջո՛ւմ, քեզ պես, փախչո՜ւմ է հեռու…

Երևան Չանախչի · 10.V.1946թ. 20.VII.1953թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 20