Անցնել բովանդակությանը

Անօգուտ փնտրտուք կամ երջանիկ գյուտ

«Աստծո քարտուղարը» ժողովածու · 1965

Ա՜խ, իզուր է, Շա՛տ իզուր է որոնումը այն ամենի, Ինչ իր անցած ուղիներում Կորցըրել է մարդկությունը, Որի բոլո՛ր գրպանները Վաղո՜ւց մաշված-ծակծկված են։ Ու բարի է հողը՝ պառավ մամիկի՛ պես. Ինչ որ կորավ՝ Անմիջապես նա պահում է ու թաքցընում Իր փեշի տակ մամիկային (Ծածկաբերան մի խոռոչում, Փոշու ներքո, Սառույցի մեջ հավերժական, Մինչև անգամ ածխի շերտում)... Իսկ անփույթ են ճամփաները՝ Պատանո՛ւ պես (Ինչ որ կորավ՝ Շուտ կորչում է կորցընողի ի՛ր իսկ ոտքի, Մեքենայի անիվ-ակի. Ձիու-ջորու սմբակի տակ, Նույնիսկ ամպի սևանկար-պատճենի մեջ՝ Ա՛յն ստվերում, Որ հինավուրց հափշտակիչ-ավազակ է)... Եվ իզուր է, Չէ՜, իզուր է որոնումը ա՛յն ամենի, Ինչ դարավոր իր ճամփեքին կորցըրել է Մարդկությունը, Որի բոլո՛ր գրպանները Վաղո՜ւց մաշված-ծակծկված են... Ու երջանիկ է իսկապես, Բախտավոր է նա՛ միմիայն, Որ դարավոր ճամփաների Ինչ-որ մի նեղ խաչմերուկում՝ Ամենևի՜ն չփնտրելով, Այլ ակամա-հանկարծակի Հեգ մարդկության կորուստներից մեկն է գտնում՝ Արեգակի Կամ իր աչքի մատնիչ շողի միջնորդությամբ։ Գտնում, սակայն չի թաքցընում, Այլ տալիս է իր տիրոջը՝ Մարդկությա՜նը, Վերադարձնում նրա կորած գեղեցկության Կամ բարության, Ազնվության և կամ սիրո Մի նշխարը, Մի մասունքը։ Միայն այսպես է գտնվում Հեգ մարդկության կորուստներից ինչ-որ մեկը, Թե չէ իզո՜ւր, շա՛տ իզուր է Ակնկալված և ակնկոր որոնումը ա՛յն ամենի, Ինչ իր անցած ճամփաներին կորցըրել է Մարդկությունը, Որի բոլո՛ր գրպանները Վաղո՜ւց մաշված-ծակծկված են...

Երևան · 04.XII.1964թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1965 թ.
Ժողովածու Աստծո քարտուղարը
Տողերի թիվ 54