Անցնել բովանդակությանը

Կամներգ

«Հացին երգը» ժողովածու

Կամ կը քըշեմ վաղվան հույսով՝ Արևն առած ճակտիս վըրա։ Հորիզոնը, անհուն լույսով Իմ աչերուս մեջ կը լողա։ — Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր ժիր։— Կը թըռչըտի շուրջը կալին Իշամեղուն, բռնկած գոհար, Ու թափ տալով խըռպոտ տաղին՝ Լըծկանն առաջ կը մըղե հաչ։ — Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր։— Վարոցըս սուր, հըսկա մասուր, Հոտված՝ սըրտեն անտառներուն Իմ ծույլ եզիս կողեն հաստույր Մերթ կը քաղե կաթիլ մ'արյուն։ — Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Խուզե հասկին բոց մորուքը, ժիր, ժիր։— Հորձանքին մեջ աշխետ հունձքին Ես կը լողամ երգերուս հետ. Մըղեղներուն հետ միասին Կ'ըմպեմ խարին հոտն ափավետ։ — Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Կույս հատիկին պատռե քողը, ժիր, ժիր։— Ի՜նչ փույթ քաղցած ըլլան եզներ, Ու մըշակներն ալ՝ ծարավի. Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ, Թան աղբյուրին մեջ կը պաղի։ — Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Հասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր։— Զուր տեղը չէր, կա՛մս աղվոր, Որ օծեցի քեզ կուպրերով, Զինեցի պորտըդ սևավոր Կայծքարե սուր ակռաներով։ — Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Կըրծե հարդին ոսկիները, ժիր, ժիր։— Ցորե՜նն ահա, ցորե՜նն ահա, Մըշուշին մեջ մըղեղներուն, Անհունորե՜ն կ'արշալույսնա։ …Զվարթությո՜ւն խըրճիթներուն։ — Կեցի՛ր կամըս, ա՛լ կեցիր դուն, Խաղաղությո՜ւն խըրճիթներուն…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 42