Անահիտ
«Հեթանոս երգեր» ժողովածու · «Հեթանոս երգեր»
Խոտին մեջ է թաղված բագինդ։ Չեն ծըխար
Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր։
Կուգա լոկ բույր մը համպար
Խորխի՝ զոր հոն թողեր է օձ մը կարմիր։
Հոն կը նըստիմ, խո՛նջ ուղևոր։ Ձիս կ'արծի,
Եվ Վահագնի զամբկին կարծես հոտն առած՝
Կըտղուցեն խոլ կը խաձի։
Բայց արևեն մեզ չի գար ոչ մեկ Աստված։
Անհետացան անդարձ խորեն անտառին
Քուրմերը լայն թեզանիքով։ Չի՛ երգեր
Ծիծերըդ՝ վինը Վրույրին։
Բագինիդ շուրջ կը հեծկըլտան եղեգներ։
Չես հանգըրճեր պատմուճանդ ալ, ո՛չ մեկ վիթ
Նիզակահար՝ կը ներկե ծունկդ արյունով։
Թանգարանին մեջ անդրիիդ
Կը տաղտկանա, և չի՛ պսակվիր գարունով։
Բայց դուն կ'ապրիս, պիտի ապրիս հավիտյան,
Ո՛չ երկրիս վրա. երկինքի՛ն մեջ, Անահի՛տ։
Ահա կ'ծագի լուսնկան,
Եվ կը ծագիս դարձյալ՝ մահիկը ճակտիդ։
Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ։ Ծիծերեդ
Լույս կը հոսի աղբյուրին մեջ՝ ուրկե խմող
Եղնիկին դունչը նամեդ
Եվ եղջյուրները կ'օծվին ոսկեշող։
Վա՛ր կը նայիս. օրիորդները վարար
Կը զգաստանան. գինիին տաշտը կի'իյնա
Բագուսուհվույն ուսեն վար։
Կ'աղոթե կույսը ծընրադիր մահճին վրա։
Կապարճըդ ուսիդ, լարած աղեղըդ լայնշի՝
Կը վարես սայլը լուսնակին լըռելյայն…
Կյանքն անտառին կը շարժի.
Ձեռքիդ ջահեն վախցած՝ գայլերը կ'ոռնան։
Կ'երազե դաշտն. ու կոկոնները վարդին,
Փըքիններուդ խայթին ներքև, մի առ մի,
Բերանիդ պես կը բացվին։
Կ'եռա ավիշն այգիին մեջ վաղեմի։
Կ'հոսես ծիծերդ, կ'անցնիս կ'երթաս, բայց մարդիկ
Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ'ընդունին։
Քանդած են հովն ու ալիք
Մեհյա՛նըդ իսկ քերսոնեսի ափունքին։
Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված
Կը տեսնե վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,
Ու բագինիդ վրա նըստած՝
Կը նայի քեզ և կու լա, ո՛ Անահիտ։
Թեմաներ