Բողոք առ Եվրոպա
1876
Ձեռքերըս կապած, ոտքերըս շըղթա,
Կասե Եվրոպան. «Հե՞ր չելաք ոտքի.
Ձեզ ազատություն, ձեզ օրենք չի կա,
Տարե՛ք, կըրեցե՛ք դուք կյանք ըստրկի»։
Վեց հարյուր տարի մեր երակներեն
Կա՛թ-կա՛թ ծորեցավ մեր վերջին արյուն.
Եվրոպան կասե. «Շուռ գանք հայերեն,
Հայի մեջ չի կա ուժ ու քաջություն»։
Ամբողջ Հայաստան ասեղ չէր մնացել,
«Հայք, կասեն, ինչո՞ւ թուր չի վերուցին».
Մի՞թե վառոդի հոգս պետք էր անել,
Թե՞ պետք էր բըրդել չոր հաց քաղցածին։
Եվրո՛պ, մոռացա՞ր երբ Զըրադաշտը
Ձեռքը թուր՝ կու գար շիտակ քու ծոցը.
Բայց հայի ահեղ Ավարայր-դաշտը
Շիջուց մոլեռանդ այն կրոնի բոցը։
Եվրո՛պ, մոռացա՞ր այն կուռ հարվածը,
Որ պատրաստել էր Իսլամ քու որդոց.
Հայը չուզաց քու արտոսր ու լացը,
Քաղաքաց հըրդեհ, խողխողանք մարդոց։
Երկերյուր տարի արյուն թափելով,
Դեմ տըվեց ահեղ, ուժգին այն գրոհին,
Մինչև որ ձեր կյանքն դարձավ ապահով,
Մինչև որ ուժեն ընկավ թշնամին…
Եվրո՛պ, մոռացա՞ր, երբ քու քաջերը
Անապատի մեջ մընացին քաղցած.
Ի՞նչ պիտ օգնեին նոցա զենքերը,
Թե որ Հայք նոցա չը տային կուշտ հաց։
Ապերա՜խտ Եվրոպ, հիշե՛ հայերուն,
Դու շատ մի՛ խաբվիլ սուրի շաչյունե.
Արյուն վոթելն չէ՛ առաքինություն
Եվ ո՛չ նա ազատ ոգու նըշան է…
Մենք խաղաղություն փըրկչեն սովրեցանք,
Նեղիչին ներել — Ավետարանեն,
Մի՞թե մենք այսօր պատուհասեցանք,
Մի՞թե խաբվեցանք մեր բարերարեն։
Ինչերո՞ւս էր պետք առաքինի վարք,
Է՞ր չեղանք Հայքըս սրիկա, մարդասպան,
Անշուշտ կը դասեր մեզի ազգի կարգ
Արյունածարավ գոված Եվրոպան։
Ձեռքերըս կապած, ոտքերըս շըղթայ,
Կ՚ասէ Եւրոպան. «Հեր չելա՞ք ոտքի.
Ձեզ ազատութիւն, ձեզ օրէնք չի կայ,
Տարէ՛ք, կըրեցէ՛ք դուք կեանք ստրկի»։
Վեց հարիւր տարի մեր երակներէն
Կա՛թ-կա՛թ ծորեցաւ մեր վերջին արիւն,
Եւրոպան կ՚ասէ. «Շուռ գանք հայերէն,
Հայի մէջ չի կայ ուժ ու քաջութիւն»։
Ամբողջ Հայաստան ասեղ չէր մնացել,
«Հայք, կ՚ասեն, ինչու՞ թուր չի վերուցին»,
Մի՞թէ վառօդի հոգս պէտք էր անել,
Թէ՞ պէտք էր բրդել չոր հաց քաղցածին։
Եւրո՛պ, մոռացա՞ր, երբ Զըրադաշտը
Ձեռքը թուր՝ կու գար շիտակ քու ծոցը.
Բայց հայի ահեղ Աւարայր-դաշտը
Շիջուց մոլեռանդ այն կրօնի բոցը։
Եւրո՛պ, մոռացա՞ր այն կուռ հարուածը,
Որ պատրաստել էր Իսլամ քու որդոց.
Հայը չուզեց քու արտօսր ու լացը,
Քաղաքից հըրդեհ, խողխողանք մարդոց։
Երկհարիւր տարի արիւն թափելով,
Դէմ տուեց ահեղ, ուժգին այն գրոհին,
Մինչեւ որ ձեր կեանքն դարձաւ ապահով,
Մինչեւ որ ուժէն ընկաւ թշնամին…
Եւրո՛պ, մոռացա՞ր, երբ քու քաջերը
Անապատի մէջ մնացին քաղցած.
Ի՞նչ պիտ օգնէին նոցա զէնքերը,
Թէ որ հայք նոցա չը տային կուշտ հաց։
Ապերա՛խտ Եւրոպ, յիշէ՛ հայերուն,
Դու շատ մի՛ խաբուիլ սուրի շաչիւնէ.
Արիւն ոթելն չէ՛ առաքինութիւն
Եւ ո՛չ նա ազատ ոգու նշան է…
Մենք խաղաղութիւն Փըրկչէն սովրեցանք
Նեղիչին ներել — Աւետարանէն,
Մի՞թէ մենք այսօր պատուհասեցանք,
Մի՞թէ խաբուեցանք մեր բարերարէն։
Ինչերու՞ս էր պէտք առաքինի վարք,
Է՞ր չեղա՞նք Հայքս սրիկայ, մարդասպան,
Անշուշտ կը դասէր մեզի ազգի կարգ
Արիւնածարաւ գոված Եւրոպան։