Անցնել բովանդակությանը

Շինականի առավոտյան երգը

1851

Ա՜յ մարդ, այսօր շատ քընեցար, ննջեցիր, Առավոտյան հով ժամանակն անցուցիր. Արեգակը ծովի ծայրեն ծագեցավ, Ջերմությունը ձորն ու դաշտը փըռվեցավ։ Ընկերներըդ վաղ արտերը գընացին, Ցորեն, գարին գերանդիով հընձեցին, Խուրձ կապեցին, բարդ բարդեցին դաշտումը, Նըստան հանգչիլ կաղնիներու հովումը։ Ա՜յ մարդ, վե՛ր կաց, սառը ջրով լվացվի՛ր, Գոտիդ կապե՛, գերանդիդ ա՛ռ, դաշտ հասի՛ր. Քանի հով է՝ հունձըդ արա՛ արտումըդ, Հունձըդ հընձե՛, մի՛ ծուլանար գործումըդ։ Խուրձըդ կապե՛, բարդըդ բարդե՛, տո՛ւն արի, Հանգստացիր, երբ քո հունձըդ կատարի. Բե՛ր գերանդիդ, կախե՛ պատեն քո տանը, Ես իրիկվան կըպատրաստեմ սեղանը։ Ա՜յ մարդ, հերիք ինչ որ այսօր քընեցար, Աչքըդ մեկ բա՛ց, տես թե ո՛րչափ ուշացար, Մեր դրացին վաղ անցկացավ կամուրջեն, Սաղ լըռել է մեր գզիրը ձայնելեն։ Ի՞նչ ես պառկել, ի՛նչ ես քնել, սիրական, Արեգական շողը հասավ մեր դըրան, Մի՛ ծուլանար ժամանակդ խնայե՛, Այն պիտի մեզ բոլոր ձմեռը կերակրե։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Շինականի առավոտյան երգը» բանաստեղծությունը (1851) գյուղի և աշխատանքի մասին։

Պատկանյանի առաջին տպագիր բանաստեղծություններից՝ գյուղացու կնոջ առավոտյան կանչը քնած ամուսնուն. հարևանները վաղուց դաշտում են, արևը դռանն է, և ձմեռվա հացը հենց այս ժամին է որոշվում։ Աշխատանքի երգ, որ միաժամանակ նոր աշխարհաբարի փորձ է՝ խոսակցական, պարզ, առանց գրաբարյան զարդի։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1851 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24